ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ
ԴԵՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
հեղինակ` Էդիկ Նադարյան
Շահումյանում մարտ էր ահեղ, երկնքում՝ գորշ ծիածան,
Համազարկ էր չորս կողմ վառվել, տղերքն իրարով անցան,
Սև թռչուններն անվարան՝ չարագույժ լուրը տարան,
Հերոսի մայրը կանչով՝ ծամը պոկեց ծնկաչոք:
Կրկներգ
Որբ մնացին դիրք ու բարձունք, խրամատ,
Լեռներ, ձորեր, արնոտ դաշտեր հարազատ,
Դավիթ Սարապյան` քաջ Դև, հսկա արծիվ բազմաթև,
Կռիվներդ՝ հազար տեղ, գործդ՝ հաղթող, հարատև:
Արյան կանչով ոտքի ելավ, հոգում կարոտ կար անհագ,
Պաշտպանում էր մեր մայրերը, մեր մանուկը, մեր կանանց,
Մինուճար որդի էր նա, մորը մենակ թողեց տուն,
Հերոսի մահվան լուրը, ախր ոնց պահենք թաքուն:
Կրկներգ
Վրեժխնդիր աչքեր ուներ, մի պարթև, ծաղկուն հասակ,
Եռաբլուր պանթեոնում եղավ թանկագին պսակ,
Ոգին աղոթք է դարձել, փարվել է Մասիսին սեգ,
Ահ ու սարսափ է տածել՝ հայի ոսոխներին նենգ:
Կրկներգ
Էդիկ Նադարյան – Դևի հիշատակին
ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (Դև)
Դավիթ Էդուարդի Սարապյան (Դև), Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող։
Ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում: Դավիթ Սարապյանի հայրը՝ Էդուարդ Սարապյանը, 1959-1984 թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը (Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, վաստակավոր շինարար, նրա գործերից են կապի նախարարության շենքը, «Արմենիա» հյուրանոցը, կենտրոնական հանրախանութը, պետական պատկերասրահի շենքը, կենտրոնական փոստի շենքը, Հանրապետության հրապարակի ջրավազանը, կոմոզիտորների շենքը և այլն), իսկ մայրը՝ էմմա Սարապյանը, կիբեռնետիկ էր (որոշ նյութերում նշվում է, որ նա եղել է հայ առաջին կին կիբեռնետիկը): Դավիթն ընտանիքի միակ երեխան էր:
Առաջին դասարան ընդունվելու ժամանակ տղային հարցրել են, թե ինչ հեքիաթ կպատմի: Պատասխանել է, թե ուզում եք՝ պատմեմ Բեռլինի գրավումը:
Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Այդ ժամանակ Դավիթը -9 կարճատեսություն ուներ և կարող էր ազատվել ծառայությունից, սակայն որոշում է գնալ բանակ՝ համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց:
1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ: 1985թ. հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տասը հոգու դեմ՝ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:
Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի, և համակվել էր գրելու ցանկությամբ: Նրա ստեղծագործություններում կարելի է հանդիպել ազատազրկման մեջ անցկացրած «1000 օրերի» հիշատակումը: Այնուհետ դարձել է իրենց բարեկամ, ռեժիսոր Գենադի Մելքոնյանի օգնականը, աշխատել իբրև երկրորդ ռեժիսոր: Միասին Օդեսա էին մեկնել: Տեղի կինոստուդիայում էլ Դավթի «300 վայրկյան» վիպակը, որտեղ պատմել է անազատության մեջ գտնվող մարդկանց մասին, բարձր գնահատականի է արժանացել, պատրաստվում էին ֆիլմ նկարահանել դրա հիման վրա:
24 տարեկան հասակում Դավիթն այլևս կարող էր հանգիստ վայելել կյանքը երևանյան բնակարանում, ստեղծագործել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց ոչ նա:
Սկսվում է արցախյան պատերազմը, և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ.-ին մեկնում ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը: Դավիթը դեռ մանկուց ճանաչում և պաշտում էր Լյոնյային` իր ընտանիքի մտերիմ բարեկամին: Լեոնիդն էլ հաճույքով էր շփվում փոքրիկ Դավթի հետ, և ինչպես գրում է Դավիթն իր պատմվածքներից մեկում, սովորեցնում էր նրան լողալ, կրակել, նույնիս կռվել և… տղամարդու պես լաց լինել, այնպես, որ ոչ ոք չնկատի:
Հետագայում նրանց ընկերությունը վերաճում է երկու ինտելեկտուալների ընկերության: Երկուսն էլ խորապես գիտակցում էին մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջև` հատկապես ծանր փորձությունների պահին: Երկուսն էլ պատվով կատարեցին իրենց կարևոր առաքելությունը:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Նա մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ գյուղերի, Գետաշենի, Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում, և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «ԱՀԵՂ ԴԵՎ»:
Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: «Դավիթն անմիջապես աչքի ընկավ. բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք: Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն», — պատմում է Կոմանդոսը:
Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ՝ պապի տանը, ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը:
Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը: Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվում է հրատարակված ձեռագրերում և դրա շնորհիվ` պահպանվում ու վերափոխվում:
1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Սարապյանը պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով:
Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։