ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)
ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)
Գյովնդ-վերվերի
Գյովնդ Գոլե-հոյ-նար
Գովնդ
Հայ ժողովրդի՝ ձեռքերը բռնած կոլեկտիվ պարերը, որոնք դանդաղ կատարվող «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևի բազմաթիվ կատարումներից են, կոչվում են «ծանդր գյոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ։ Ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր-ինչ արագանում է, բայց չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:
«Ծանդր», «ծանր» նշանակում է ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ: «Գյոնդ» կամ «Գյովընդ» անվանումները «գունդ» բառի արտասանության հին ձևերն են և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում՝ ռազմական մեծ համախմբվածություն: Հետևաբար «գյովընդ» անվանումն ունի «կոլեկտիվ, մասսայական, համայնքային պար» նշանակությունը: Այս պարաձևում տեղաշարժը դեպի կողք է՝ մե՛կ մի ոտքը կողք տեղաշարժելով, մե՛կ մյուսը նրա մոտ տեղադրելով, որն էլ իր վրա ընդունում է մարմնի ծանրությունը: Կողք տեղաշարժվող այլ պարերում հանդիպող խաչվող քայլի փոխարեն կատարվում է կցորդ քայլ: «Երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը կազմված է միևնույն տևողությամբ վեց շարժումից, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում միևնույն ժամանակային տևողությամբ:
Այսպիսով, առաջին չորս հաշվին կատարվում է երկու քայլ տեղաշարժ դեպի աջ, ընդ որում՝ 4-րդ հաշվին ձախ ոտքը խաղում է (տարբեր պարերում ոտքը «խաղում» է տարբեր ձևերով): 5-րդ հաշվին ձախ ոտքով կատարվում է ոչ մեծ քայլ դեպի ձախ՝ ոտքը դնելով ոտնաթաթը դեպի առաջ, ինչպես մյուս քայլերի ժամանակ: 6-րդ հաշվին աջ ոտքը խաղում է, ճիշտ նույն կերպ, ինչպես ձախ ոտքը 4-րդ հաշվին: Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:
Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:
ՈՒսուցողական հոլովակ