ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ
ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ
Խոսք` Թ. Նալյանի,
Երաժշտությունը` Տ. Չուխաջյանի
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:
ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:
ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական,
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
Ջորջ – Լեբլեբիջիների խմբերգը
Անհայտ կատարող – Լեբլեբիջիների խմբերգը
Անհայտ կատարող – Լեբլեբիջիների խմբերգը
Սոֆի Մխեյան – Լեբլեբիջիների Խմբերգը
Լեբլեբի – արևմտահայերեն նշանակում է ոլոռ, լեբլեբիջի` ոլոռ վաճառող, լեբլեբիջիների խմբերգ` ոլոռ վաճառողների խմբերգ:
«Լեբլեբիջին» («Ոլոռ վաճառողը») Չուխաջյանի երկրորդ և ամենաճանաչված օպերետն է՝ գրված 1875 թվականին: Լիբրետոյի հեղինակը Թագվոր Նալյանն է: Ստեղծագործությունը սկզբնապես կատարվել է թուրքերեն՝ պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով, չնայած օպերետի լիբրետոն թարգմանվել է հայերեն դեռևս Չուխաջյանի կենդանության օրոք: Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին «Français» թատրոնում: Առաջին իսկ բեմադրությունից հետո օպերետը հսկայական հաջողություն ունեցավ։ Կոստանդնուպոլսում և Անդրկովկասում բեմադրվեց ավելի քան 100 անգամ: Ստեղծագործությունը համադրում է կենցաղային կոմեդիայի գծերն ու 19-րդ դարի բուրժուա-արիստոկրատական հասարակության սոցիալական երգիծանքը։ «Լեբլեբիջիի» և Չուխաջյանի մյուս օպերետների մասսայականացմանը նպաստեց նաև Սերովբե Բենկլյանի (Պենկլյան) պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբը (Բենկլյանի և Չուխաջյանի համատեղ ուժերով կազմակերպված առաջին մշտապես գործող պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբը Մերձավոր Արևելքում): 20-րդ դարի սկզբին օպերետը թարգմանվեց հունարեն և գերմաներեն: «Լեբլեբիջին» ներկայացվել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արևելքի տարբեր բեմերի վրա՝ հասարակական ճանաչում բերելով հեղինակին:
1943 թվականին Տ. Սարյանն առաջին անգամ օպերետը բեմադրեց Հայաստանում։ Այդ ժամանակ էլ առաջարկվեց ստեղծագործության նոր անվանումը՝ «Կարինե»։ Անվանափոխվեցին նաև գլխավոր հերոսներն ու հերոսուհիները, բացի Հոր-Հոր աղայից։ Նշենք նաև, որ Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետի հիման վրա ռեժիսոր Արման Մանարյանը նկարահանել է «Կարինե» կինոնկարը (1967-ին)։
«Կարինե» կատակ օպերայից հատված
Մեր կամքը թող դեպի կռիվ մեզ տանի
Տանք թշնամյաց մենք ծեծ ու ջարդ արժանի
Փորձանքի դեմ միշտ եղել ենք մենք արթուն
Ինչ էլ որ ըլլա պետք չէ տեսնանք պարտություն
Մենք շատոնց ենք իրար սիրել սատարել
Մեր քաջ տոհմի ռահվիրանը կատարել
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
Մեր ամբոխե թող հառաչե թշնամին
Թող աշխարհը լսե համբավը քաջին
Մենք մեր տոհմի ժառանգներն ենք փառավոր
Ալ ուրիշ ժառանգ չկա մեզմե զորավոր
Մեր կամքը թող դեպի կռիվ մեզ տանի
Տանք թշնամյաց մենք ծեծ ու ջարդ արժանի
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
2011 թվականին օպերետը ներկայացվեց նաև մարսելյան հանրահայտ «Օդեոն» թատրոնում: