ՄՈՒՐԱԴ
ՄՈՒՐԱԴ
Հայաստանէն եկած զինուոր,
Պատմէ՛ ինծի հայրենիքից,
Անդրանիկի զինուորները,
Վրէ՞ժ են լուծում քիւրդերից։
Ուրախ եղիր դու հայ տղայ,
Ունիս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրատի պէս հոտով ծաղիկ,
Էլ ի՞նչ է ուզում հայրենիք։
Գէորգ Չաւուշ եւ Հրայրը,
Սարսափ պատեց Քիւրդիստանը,
Կոտորուեցաւ ողջ բանակը,
Ազատուած է Հայաստանը։
Սամվել Երանյան – Սեբաստացի Մուրադի Երգը
Սեբաստացի Մուրադ
Սեբաստացի Մուրադ, հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։
Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում՝ 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է Կարս, ապա՝ Բասեն։
1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանն ու ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին, ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց։ Հասնելով Գելիգուզան, նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։
Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր էին մոտենում Սասունին։ Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն զարկվում է Հրայրը։
Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում, որոնք գիշերով պաշարում են գյուղը։ Հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թ. ապստամբությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով սբ.Թադեի վանքի պատերին թողնում է իր հուշագրությունը.
«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ’ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ’երթանք դէպի հուր և արիւն…»։
Այս խոսքերը Մուրադի իմաստուն կանխատեսումն էր, որովհետև Արևելյան Հայաստանում նրան դարձյալ հրի միջով անցնող կյանք էր սպասում։ Առաջնորդելով ձիավոր հայդուկների խումբը, Մուրադը հասնում է Վաղարշապատ։ Այդ օրերին թուրք, քուրդ ու թաթար բաշիբոզուկները ավերում էին հայկական գյուղերը, սրի քաշում բնակիչներին։ Մուրադը մեկնում է Նախիջևան և դառնում տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվում և վրիժառու Մուրադի ահից թաքնվում իր որջերում։
Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցնում է Զանգեզուր, որտեղ արդեն ինքնապաշտպանական կռիվներ էին մղում Արևմտյան Հայաստանում հերոսացած շատ ֆիդայիներ։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր և ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։
Զանգեզուրում ավարտելով իրենց գործը, ֆիդայիները պատրաստվում են վերադառնալ Երկիր, որտեղ իրավիճակը գնալով վատանում էր։
1910 թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն: Թե հայրենիքս զիս կանչե,անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»:
Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։
1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։ «Չարագուշակ և աղիտաբեր գնդակ մը եկաւ, – գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։
Սա է հայդուկապետ Սեբաստացի Մուրադի անցած կյանքի ճանապարհը, որի նմանների համար է ասված՝ «Ձեզ պէսներին միշտ երանի…»։