ԹՈՂ ԼԻՆԻ ԱԶԱՏ
ԹՈՂ ԼԻՆԻ ԱԶԱՏ
Խաղաղ դաշտի որդիք, լեռները ելնենք,
Արոր, գութան մոռնանք, հրացան ձեռք առնենք,
Ճնշված մեր բողոքը հայտնենք զենքերով
Եվ մեր արդար դատը վարենք արյունով:
Մեր կյանք, մեր մահ թող լինին ազատ,
Ճնշված հայու որդիք հարազատ:
Ըստրկության շղթան խուլ շառաչում է,
Ազատության ճնշված ձայնը գոչում է.
Ազատ լեռներ լինին թող մեզ ապաստան
Եվ ընդարձակ ձորեր՝ ազատ գերեզման:
Մեր կյանք, մեր մահ թող լինին ազատ,
Ճնշված հայու որդիք հարազատ:
Անհայտ Կատարող – Թող լինի ազատ
Այս երգը վերաբերում է 19-րդ դարավերջի թուրքահպատակ հայության վիճակին և նրա պայքարին՝ թուրքական դաժան լծից ազատագրվելու ձգտմանը: Ժամանակաշրջանը հեշտ է որոշել՝ երգի խոսքերում հանդիպող սուլթան Համիդի անունի շնորհիվ, ում անունը, որպես հայության ոխերիմ թշնամու, տեղ է գտել մեր բազմաթիվ ժողովրդական երգերում: Օսմանյան կայսրությունում հայության վիճակն արդեն իսկ անմխիթար էր նախքան Համիդի գահակալությունը: Հայերը ենթարկվում էին խիստ հարստահարության, նետվում թշվառության գիրկը, պաշտպանված չէին օրենքով, և դատական հարցերը միշտ վճռվում էին հօգուտ մահմեդականի: Մահմեդականներն իրավունք ունեին կողոպտելու, ծեծելու, անգամ սպանելու հային՝ առանց վախենալու դատական պատասխանատվությունից: Իսկ եթե հայն էր ինքնապաշտպանության համար զենքի դիմում, նրան դաժանորեն պատժում էին՝ առանց գործի քննության:
1876-ին Օսմանյան կայսրության գահ բարձրացավ սուլթան Աբդուլ Համիդը, որի իշխանության երկրորդ տարում արդեն սկսվեց ռուս-թուրքական պատերազմը: Այն ավարտվեց 1878 թվականին՝ Թուրքիայի պարտությամբ, և պատերազմող կողմերն ու շահագրգիռ պետությունները պետք է Բեռլինում պայմանագիր կնքեին հենց նույն տարվա մեջ: Եվ ահա, հայության շրջանում կազմվում է պատվիրակություն, որի գլուխ է կանգնում Խրիմյան Հայրիկը, և նախքան պայմանագրի կնքումը այցելում է եվրոպական գերտերություններ՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա և Գերմանիա, հանդիպում դրանց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու համար հայության վիճակը: Դրանից հետո պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացնում է Բեռլինի վեհաժողովին՝ հուսալով դիվանագիտական լուծում տալ Հայկական հարցին: Սակայն, նա այստեղ չգտնելով իր սպասած վերաբերմունքը, շրջադարձ է կատարում դեպի ազգային ազատագրական պայքարը: Այնուամենայնիվ, Բեռլինի պայմանագրի կետերից մեկով սուլթանը պարտավորվում էր բարենորոգումներ անցկացնել կայսրության հայաբնակ տարածքներում՝ թեթևացնելով հայության վիճակը: Սակայն հայությունը չհասցրեց ուրախանալ թղթի վրա գրված այդ կետով, քանզի սուլթան Համիդը հասկանում էր, որ Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի վերհանումը զգալի հարված էր իրեն, և կազմակերպեց հայության կոտորածները 1894-96 թվականներին: Ջարդերն իրագործվեցին Համիդիե կոչվող քրդական ջոկատների ձեռքով: Կոտորածն այնքան դաժան էր, որ դրանից հետո Աբդուլ Համիդին սկսեցին կոչել Կարմիր Սուլթան:
Այս երգում հայ գյուղացին իր հայրենակիցներին անվանելով «խաղաղ դաշտի որդիք», նրանց առաջարկում է թողնել արորն ու գութանը, ձեռքները հրացան առած բարձրանալ լեռները և այնտեղից արտահայտել հայության ճնշված բողոքը և արյունով վարել մեր արդար դատը: Հայերն այլևս իրենց պապենական բնակավայրերում չեն կարող հանգիստ ապրել, և ավելի լավ է պայքարել հանուն խաղաղության վերահաստատման, քան թե ամեն վայրկյան կենդանի մեռնել: Ապա ասվում է, որ փափուկ մահճում հանգիստ կյանքը վայել է նրան, ով իր հայրենիքում ազատ է ապրում: Կեղեքող լծի տակ հնարավոր չէ հանգիստ աշխատել գութանով և արորով, ապա վաստակածը վայելել ու հանգիստ քուն մտնել: Ուստի, այդպիսի կյանքը հարկավոր է հաստատել զինված պայքարով:
Հաջորդող քառատողերից մեկում էլ ասվում է, որ ստրկության շղթան խուլ շառաչում է, իսկ ի հակադրություն դրա՝ ազատության ճնշված ձայնը գոչում է, որ ստրկությունից ավելի լավ է ազատ լեռները մեզ դարձնենք ապաստան, իսկ ընդարձակ ձորերը՝ գերեզման: Այսինքն հայ մարդը ցանկանում է ինչպես ապրել, այնպես էլ մեռնել ազատ, անգամ մահվան մեջ լինել լայն, ընդարձակ, ազատ ձորերում:
Յուրաքանչյուր քառատողից հետո հաջորդում է կրկներգը, որտեղ ասվում է, թե մեր կյանքը և մեր մահը թող լինեն ազատ: Ապա կոչ են անում միմյանց զինվորացած գյուղացիները, թե անվախ զարկենք Համիդին և փրկենք հայ գյուղացիներին, թող տեսնի անարգ բռնավոր սուլթանը, որ հայը կարող է զենքով նվաճել իր պայծառ օրը: