ԱՌԱՔԵԼ ՄՈՒՇԵՂ
ԱՌԱՔԵԼ ՄՈՒՇԵՂ
(Տարբերակ 1)
Առաքել,Մուշեղ լեռներուց իջան
Ավերակ ջաղաց հոգի ջան եղավ օթևան
Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ
Առաքել ըսեց Մուշեղ իմ ախպեր
Դուք պռնեք պարը հոգի ջան
Մենք գերտանք առաջ
Դե զարկեք, զարկեք
Դե զարկեք քաջ-քաջ
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:
Խրիմյան հայրիկ անուն Մկրտիչ
Դու պիտի տառնաս հոգի ջան Հայ ազգի փրկիչ
Դե զարկեք, զարկեք
Դե զարկեք քաջ-քաջ
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:
(Տարբերակ 2)
Առաքել, Մուշեղ լեռներից իջան,
Ավերակ ջաղաց հոգի ջան, օթևան եղան:
Առաքել ձայնեց «Մուշեղ իմ եղբայր.
Դուն հանգիստ կացիր քո դիրքում, ես կգտնեմ ճար»:
Առաքել, Մուշեղ, Սերոբ Խլացին,
Երեք կտրիճներ հոգի ջան, նահատակվեցին:
Երկինք թող շնորհե, նրանց սուրբ պսակ,
Մենք էլ միշտ հիշենք հոգի ջան նրանց հիշատակ:
Դե՛, զարկեք-զարկեք, նշան ի ճակատ,
Դե՛,կռվեք տղերք, դե՛, կռվեք քաջ-քաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան,
Մենք կերթանք առաջ:
(Տարբերակ 3)
Առաքել, Մուշեղ լեռներէն իջան,
Աւերակ ջաղաց, հոգի ջան, օթեւան եղան:
Դէ՛, զարկէ՛ք, տղերք,
Դէ՛, զարկէք, քաջ քաջ,
Տիրոջ սուրբ կամքով, հոգի ջան,
Մենք կ’երթանք յառաջ:
Մենք ենք առիւծ, անոնք են ագռաւ,
Չորս հազար հոգի, հոգի ջան, արեցինք սակաւ:
Դէ՛, զարկէ՛ք,…
Եկանք հասանք աւերակ ջաղաց,
Աւերակ ջաղաց, հոգի ջան, օթեւան եղան:
Դէ՛, զարկէ՛ք,…
Սարեր ու քարեր մեզ վրայ դարձան մարդ,
Աւերակ ջաղաց, հոգի ջան, օգնեցին մեզի շատ:
Դէ՛, զարկէ՛ք,…
Աստուած աւերէ Խախռէֆ ըսուած գեղ,
Կորուստ տուեցինք, հոգի ջան, քաջ Մուշեղ:
Դէ՛, զարկէ՛ք,…
Մուշեղ եւ ընկերք Խախռէֆ գեղ մտան,
Միամիտ սրտով, հոգի ջան, տան մէջն ալ նստան:
Դէ՛, զարկէ՛ք,…
Արութիւն իր եղբայր քիւրտին դիմեցին,
Մուշեղի մարմին, հոգի ջան, գետին փռեցին:
Դէ՛, զարկէ՛ք,…
Առաւօտ լուսուն պոռին չալեցին,
Մալծիրան քիւրտեր, հոգի ջան, խումբեր կազմեցին:
Դէ՛, զարկէ՛ք,…
Արութիւն իր եղբայր խորհուրդ կազմեցին,
Աստծու կրակ, հոգի ջան, իրենց վրայ թափեցին:
Դէ՛, զարկէ՛ք,…
Արութիւն իր եղբայր Բաղէշ գնացին,
Մուշեղի մարմին, հոգի ջան, Փաշին ղրկեցին:
Դէ՛, զարկէ՛ք,…
Մուշեղ պոռաց. «Ազնիւ ընկերներ,
Մուշեղի վրէժ, հոգի ջան, շուտով հանեցէք»:
Դէ՛, զարկէ՛ք,…
Արև անսամբլ – Առաքել Մուշեղ
Սահակ Սահակյան – Առաքել Մուշեղ
Շուշան Պետրոսյան – Առաքել Մուշեղ
Արև անսամբլ – Առաքել Մուշեղ
Արևածագ – Առաքել Մուշեղ
Անհայտ կատարող – Առաքել Մուշեղ
Անհայտ կատարող – Առաքել Մուշեղ
https://www.youtube.com/watch?v=B5_4CVAWofg
Մուշեղ Շահինյանի թոռնորդի Մարիամը պատմել է որոշ մանրամասներ. Շահինյանների գերդաստանն ապրել է Մշո Արասխ գյուղում: 19-րդ դարավերջին այդ գերդաստանի ավագը եղել է Մուրադ Շահինյանը: Նրա ավագ որդին Հովհաննեսն էր, դուստրը՝ Խանասլին: Իսկ կրտսեր որդի Մուշեղը ծնվել է 1885 թվականին: Դեռ շատ փոքր էր Մուշեղը, որ մի օր հաց տանելով հանդում աշխատող ավագ եղբորը, տեսնում է, թե ինչպես է 10 ասկյար հարձակվել եղբոր վրա, ինչպես է Հովհաննեսն անհավասար կռվի բռնվել թուրքերի դեմ և սպանվել: Այդ դեպքից տարիներ անց Մուշեղը մտնում է զորավար Անդրանիկի ջոկատ:
Իսկ Առաքելը ծնվել է 1872 թ., Մշո գավառում: Վաղ տարիքում նա միանում է Խլաթցի Ճարտարի խմբին, ով այդ շրջանում իր արդարամտության ու քաջության շնորհիվ արդեն բավականին հռչակված հայդուկապետ էր: Շատերի հետ Ճարտարի զինակիցն են դառնում նաև Առաքելը և Մուշեղը:
1890-ին այս ջոկատը հանգրվանում է Խաթավինա լեռան ստորոտին: Խումբն այնքան բազմամարդ էր, որ սպառնում էր քրդերի անկազմակերպ խուժանին և թուրքական կանոնավոր զորքին: Սրանք որոշում են մեկ հզոր հարվածով ջախջախել և ազատվել իրենց խիստ անախորժություններ պատճառող այս խմբից: Թուրք-քրդական զորքերը մի գիշեր հանկարծակի շրջապատում են Ճարտարի ջոկատը: Տեղի է ունենում արյունալի կռիվ, որի ընթացքում խիստ աչքի է ընկնում Առաքելը:
Մթնելուն պես Ճարտարը, Առաքելը, Մուշեղը և մյուսներն իջնում են լեռներից, շարժվում դեպի Մանազկերտ և ամրանում քաղաքի մոտ գտնվող մի ավերակ ջրաղացում: Թուրք և քուրդ ելուզակները, հարձակվելով ջրաղացի վրա, թեև քանակով անհամեմատ գերազանցում էին Ճարտարի ջոկատին, բայց խայտառակ պարտություն են կրում և նահանջում: Հայ ֆիդայիներից զոհվում է միայն 5-6 հոգի, իսկ թշնամին ավելի քան 100 զինվոր էր կորցրել: Այս բախումը պատմության մեջ մտավ Ջրաղացի կռիվ անունով: Մութն ընկնելուն պես հայ ֆիդայիները դուրս են գալիս ջրաղացից ու բարձրանում Նեմրութ լեռը: Այստեղ ևս մարտերը շարունակվում են երկու օր և դարձյալ ավարտվում Ճարտարի ջոկատի հաղթանակով: Ջրաղացի կռվի մասին է, որ ժողովուրդը հորինել է մի գեղեցիկ երգ, որտեղ պատմվում են որոշ դրվագներ: Դա հանրահայտ այս «Առաքել, Մուշեղ» երգն է, որը ժամանակին շատ տարածված ու սիրված էր հայ ժողովրդի շրջանում: Երգում պատմվում է, որ Առաքելն ու Մուշեղը իջան լեռներից և օթևանեցին ավերակ ջաղացում: Ապա Առաքելը դիմեց Մուշեղին՝ նրան կանչելով՝ իմ ախպեր, ասելով. «Դուք բռնեք պարը, մենք կէրթանք առաջ»: Պարը պետք է հասկանալ լեռնապարը, այսինքն՝ պաշտպանեք մեր լեռնային դիրքերը, թիկունք եղեք մեզ, մենք էլ առաջ կշարժվենք:
Այնուհետև երգում կոչ է արվում քաջաբար զարկել թշնամուն, քանզի մենք Տիրոջ սուրբ կամքով ենք գնում առաջ: Ապա հայ հայդուկներին համեմատում է առյուծի, իսկ թուրք ասկյարներին՝ ագռավի հետ, քանի որ մարտի ժամանակ մեր սակավաթիվ հայդուկները կոտորել են թշնամու չորս հազարանոց զորքին, և դարձյալ վերադարձել իրենց օթևանը՝ ավերակ ջրաղացը: Երգի հաջորդ տողերից իմանում ենք, որ Մուշեղն իր ընկերների հետ գնում է Խախռեֆ անունով գյուղը և միամիտ սրտով նստում մի տան մեջ, սակայն քրդերը դավադրաբար նրան հանկարծ գետնին են փռում և հավանաբար կապած վիճակում ուղարկում իրենց փաշային: Եվ մինչ Մուշեղին տանում էին, նա ընկերներին կանչում է. «Ազնիվ ընկերներ, Մուշեղի վրեժ շուտով հանեցեք»:
Գերությունից Մուշեղն ազատվում է և Անդրանիկի հետ շարունակում պայքարը թուրքերի դեմ: 1915 թվականին Մուշեղը գնում է հայրենի գյուղ և այն գտնում հրի մատնված, ժողովուրդը՝ կոտորված: Հայրենի տանը գտնում է սպանված հորն ու մորը: Ամուսնացած քրոջ տանը ևս ընտանիքի բոլոր անդամները սպանված էին, իսկ քրոջ մարմինը հայտնաբերում է թոնրի մեջ այրված: Արև. Հայաստանում Մուշեղը պայքարին մասնակցում է մինչև 1920-ը, ապա Անդրանիկի ու մյուսների հետ անցնում Արլ. Հայաստան: Հաջորդ տարի ամուսնանում է: Հայրենի Արախ գյուղի կարոտը մինչև կյանքի վերջ մաշել է Մուշեղի հոգին, դրա համար էլ Վերին Սասունաշենից տեղափոխվել է սահմանամերձ Երվանդաշատ գյուղը, որ թե հանկարծ սահմանը բացվեր՝ վերադառնար հայրենի տունը: Մուշեղ Շահինյանը մահացել է 1963 թվականին՝ կարոտն ու հույսը սրտում:
Իսկ Սարսափ Առաքելի մահվան մասին «Հայ Զինվոր» թերթին (N 43, 2013թ.) պատմել է նրա թոռնուհին՝ Ասյա Գևորգյանը: Առաքելին սպանել են արորով դաշտը մշակելիս, կրակելով թիկունքից: