ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ
Խոսք` Սոս Թադևոսյան
Երաժշտություն` Վահան Հարությունյան, Վահագն Համբարձումյան, Հովհաննես Պողոսյան
Մութ գիշեր էր, ու խաղաղ էր սահմանները հայրենի,
Նորից խախտեց մեր անդորրը թուրք ազերին վայրենի,
Մարտի ելաք առյուծի պես ու կռվեցիք մինչև մահ,
Ողջ հայ ազգը պիտի հիշի սխրանքները քո անմահ:
Կրկներգ
Փառք քեզ Արմեն հայոց զինվոր անբասիր,
Վեր կաց նորից ու մեզ օգնության հասիր,
Թեժ պայքարում ընկար հերոսի մահով,
Քաջ անունդ օծեցիր հավերժ փառքով:
Արյան գնով պահպանեցիր դիրքերը մեր հայկական,
Ռազմի դաշտում անշնչացած քո ձեռքում նռնակ ընկավ,
Գարուն կյանքդ նվիրեցիր հայրենիքիդ սրբազան,
Որ հայրենի հող չմտնեն անկիրթ ցեղերը գազան:
Կրկներգ
Դու հաղթեցիր չար թշնամուն Արցախյան պատերազմում,
Հերոսներն են գոտեմարտում, մեռնում և անմահանում,
Դու քաջության օրինակ ես զորեղ մարտիկ ՈՒրֆանյան,
Քեզ պես արծիվ տղերքն են որ հասնելու են Մուշ ու Վան:
Կրկներգ
Մասիս Հունանյան – Արմենակ ՈՒրֆանյան
Վահան Հարությունյան – Արմենակ ՈՒրֆանյան
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆ
-Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են:
Վերջին անգամ ապրիլմեկյան այս կատակով մոր հետ խոսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Ժամեր անց Ուրֆանյանն ու իր անձնակազմը պետք է մարտի բռնվեին հակառակորդի հետ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում:
Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հակառակորդի երրորդ գրոհի ժամանակ, արկի պայթյունից, վիրավորվեց ու զոհվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանը…
«Զորացրվեց ու տուն եկավ՝ որպես հերոս՝ հետմահու պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով ու հավերժ մնալով բանակի տղեն. երբ ասում էի՝ «Տղես, անհանգիստ եմ», խիստ ձայնով ուղղում էր ինձ՝ «Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ, անհանգստանալու կարիք չկա»»,- պատմում է Ուրֆանյանի մայրը՝ կուլ տալիս խոր ցավով ու հպարտությամբ լցված արցունքներն ու հավելում. «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: Արմենը շատ պատրաստված էր, ու շատ լավ զինվորներ ուներ»:
Հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ, միշտ լավատես, անվախ ու շատ կատակասեր. այսպես են մերօրյա հերոսին բնութագրում ընկերներն ու մտերիմները:
«Մարտակերտում տպավորություն էր, թե Արմենը բոլորին պաշտպանելու համար էր ծնվել: Հրամանատարի համար բոլորը հավասար էին ու, չնայած իր դիրքին, բոլորին վերաբերվում էր որպես եղբայր: Առանց կոնֆետի դիրք չէր բարձրանում: Հիշում եմ, վերջին անգամ, երբ նրա հետ մարտական հերթափոխի էինք, զինվորներից մեկի քունը տանում էր, կապիտանը չթողեց, որ այդպես դիրքում կանգնի` երկժամյա հերթափոխում անձամբ ստանձնելով շարքային զինվորի դերը»,- հիշում է ծառայակից ընկերներից Նարեկը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը երկու անգամ ճանաչվել է «Վաշտի լավագույն հրամանատար», ստացել մի շարք պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ, բայց դրանց մեծ մասն այսօր տանը չեն:
«Թղթերի հանդեպ միշտ անփույթ էր: Մի անգամ էլ իր հրամանատարին ասել էր՝ «Պատերազմը թղթի մեջ չի, պատերազմը դիրքերում է»»,-ասում է մայրն ու հիշում Քյարամ Սլոյանին՝ «չորսօրյա պատերազմի» մյուս հերոսին, որը, չնայած կապիտանի հրամանին, մնաց խրամատում.
Մանուկ Արմենակ ՈւրֆանյանըԼուսանկարը` Ընտանեկան արխիվից
«Սիրտս ոնց է մղկտում Քյարամիս համար. Քյարամն Արմենիս կողքն է մնացել, ասել է՝ «քեզ մենակ չե՛մ թողի, չե՛մ գնա»…: Հավատարիմ զինվոր է եղել: Փոքր տղաս որոշել է՝ գնալու է նրա ծնողներին շնորհակալություն հայտնի, իրենց որդու հերոսական ու անձնվեր քայլի համար: Արմենս միշտ ասում էր՝ «Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Իր տղերքին շատ էր սիրում: Առհասարակ քչախոս էր, իսկ գործից ընդհանրապես չէր խոսում. միակ բանը, որ լսում էինք, իր զինվորի գովքն էր»:
Արմենակ Ուրֆանյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ մոտոհրաձգային վաշտում: Մոր պատմությունների շնորհիվ, մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ նրա գործի հանդեպ, ով եւ հետագայում դարձել է կապիտանի հերոսը:
Ութերորդ դասարանում արդեն հստակ որոշել է` զինվորական է դառնալու: Մայրը չի կարողանում մտաբերել՝ որտեղի՞ց եւ ինչպե՞ս ծնվեց ռազմական գործի հանդեպ սերը, բայց մի բանում վստահ է՝ Արմենակ Ուրֆանյանը սիրեց իր գործն ու ապրեց դրանով՝ այն համարելով սուրբ պարտք Հայրենիքի հանդեպ:
«Մենք ապրում էինք Սանկտ Պետերբուրգում: Ամեն անգամ, երբ անցնում էինք ռազմական ուսումնարանի շենքի կողքով, Արմենը հետ էր ընկնում եւ քննախույզ հայացքով զննում այն, հետո ասում` «Այստեղ եմ սովորելու»: Մի անգամ էլ, երբ փոքր էր, միայնակ գնացել ու պայմանավորվել էր ռազմական վարժարանի աշխատակցի հետ, թե գնալու է այնտեղ սովորի:
Արմենակ Ուրֆանյանը Սանկտ-Պետերբուրգի մանկապարտեզումԼուսանկարը` Ընտանեկան արխիվից
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորող մի հարեւան ունեինք՝ Հայկը: Մինչ իր ընդունվելը, ամեն անգամ, երբ Հայկն արձակուրդ էր գալիս, Արմենը վազում էր նրանց տուն՝ մասնագիտության վերաբերյալ հարց ու փորձ անելու»,- պատմում է մայրը:
Ինստիտուտն ավարտելուց հետո Ուրֆանյանը մեկնեց Մարտակերտ՝ ծառայության: Որոշել էր, թե Արցախ չուղարկեն, նախարարին անձամբ է նամակով խնդրելու, որ ծառայությունն այնտեղից սկսի:
«Մեծ սիրտ ուներ: Այնքան մեծ, որ ողջ Մարտակերտը կարողացավ առնել իր սրտի մեջ»,- ասում է մայրն ու կրկին մաքրելով արցունքները՝ ցույց տալիս որդու լուսանկարը. «Տես՝ ինչ հերոս տղա ունեմ»:
Լուսանկարը` Ընտանեկան արխիվից
Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի հետ հանդիպման առաջին իսկ րոպեներից տեսանելի է հերոսի մայր լինելու հպարտ զգացումի ու բարձր պատասխանատվության նրա գիտակցումը: Ամեն անգամ, տղայի անունը տալիս, ձգվում է, մաքրում արցունքներն ու Արմենակի մասին խոսում ներկա ժամանակով՝ փորձելով իր ներսում խեղդել կորստի աննկարագրելի ցավը:
Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանադրվել: Որոշել էր՝ հարսանիքը լինելու է սիրելիի՝ Գոհարիկի ծննդյան օրը: Երազանքը մեկն էր՝ սեփական փոքրիկ տունն ունենալ, որտեղ ճաշի սեղանին միշտ հինգ ափսե կդրվեր՝ իր, սիրելի կնոջ եւ երեք երեխաների համար, որոնցից երկուսը պետք է տղա լինեին, մեծը`զինվորական: Հրամանատարը վստահ էր՝ թշնամու դեմ, զենքից բացի, նաեւ օրորոցով պետք է կռվել՝ հայրենիքին նիրված ու քաջ զավակներ մեծացնելով:
Լուսանկարը` Ընտանեկան արխիվից
«Մի անգամ ասացի՝ «ազիզ բալես», չեք պատկերացնի, թե ոնց զայրացավ՝ «ազիզը թուրքի բառ ա, մա՛մ, ինձ էլ ազիզ չասես ու ոչ միկին էդ բառով չդիմես»: Հունից դուրս էր գալիս ու փոթորկվում, երբ իր ընկերները թուրքի գնդակից զոհվում էին: Դրա համար էլ, երեք ժամ կռիվ տալուց հետո, էդ քայլին գնաց, որ հանկարծ թուրքի ձեռքն իրեն «չհասնի»…:
Վերջին անգամ Սուրբ Հարության տոնին մեկ օրով տուն եկավ: Գիշերը չքնեց, որ մեզ հետ շփվի. ասում էր՝ «քնելով ժամանակն իզուր կկորցնի»:
Խրամատում էլ կապիտան Ուրֆանյանը փորձեց իզուր ժամանակ չկորցնել` արագ կողմնորոշվեց ու իր հերոսության շնորհիվ կանխեց թե՛ ծառայակից ընկերներից երեքի մահը, թե՛ հակառակորդի ծրագիրը:
«Տղաս մի բան էր ասում՝ «Հայի անունը լսելուց՝ թուրքը միշտ պետք է ահ ու սարսափ ապրի»: Այդ գիտակցումը պետք է բոլորս ունենանք: Յուրաքանչյուր տղա պետք է իր պարտքը կատարի հայրենիքի առջեւ: Փոքր տղաս, նախքան բանակ գնալը, ասում էր, թե չի ծառայելու, ասում էի. «Տե՛ս՝ ոնց կծառայես, դու Ղարաբաղ ես գնալու»: Այդպես էլ եղավ. Ասկերանում ծառայեց ու սահման պահեց: Ամեն մայր այդ գաղափարով պետք է սնի իր որդուն՝ մենք ուրիշ ելք չունենք:
Հիմա ես պատրաստ եմ գնալ առաջնագիծ ու կանգնել մեր զինվորների կողքին: Ես մայր եմ, որդի եմ կորցրել, որի համար միշտ կմղկտամ ու կցավեմ, բայց գիտակցում եմ, որ սա պատերազմ էր, կռիվ՝ հանուն մայր հողի: Պատերազմ, որի ընթացքում մենք կրկին տեսանք թշնամու ցեղասպան ձեռագիրը: Այդքանից հետո հասկանում եմ` կանգ առնելու իրավունք չունենք:
Լուսանկարը` Ընտանեկան արխիվից
Մեր հողից մոլախոտը միայն պոկելով հարցին լուծում չենք տա. պետք է այն արմատախիլ անել, որ հայ ժողովուրդն էլ ցավ ու արյուն չտեսնի, հակառակորդը հասկանա, որ հայի հողին մոտենալ չի կարելի: Փա՛ռք Աստծո, մենք վախկոտ ազգ չենք, մեր երեխեքը թուրքի նման չեն, որ ամեն պահ վախենան ու հետ քաշվեն: Այս խնդրին լուծում է պետք, որում ամեն ոք իր մեծ ու կարեւոր դերն ունի»:
Որդու՝ պատից կախված համազգեստն ուղղելով՝ հերոսի մայրը հիշում է, թե ինչպես թեքվոնդոյի եռակի չեմպիոնը, ամեն անգամ, մրցման գնալուց առաջ, տատիկին «հրահանգում էր»` պատի վրա մի մեխ էլ ամրացնի, որ վերադարձին նոր մեդալով զարդարի այն:
Հետո մայրը նայում է նկարից ժպտացող հերոսին ու կրտսեր որդու հետ հաստատում`
«Արմենակ Ուրֆանյան տեսակի հայրենասիրությունն ու հպարտությունը պետք է առաջնորդի մեզ այս կյանքում, իսկ նրա անօրինակ հերոսությունը դառնա պատգամ` մինչեւ անգամ կյանքի գնով կանխելու թշնամուն…»:
Սիրանուշ Եղիազարյան