ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Գերեզմանիս թող արձանիս վրա
Գրեն հաղթական թե կոթող է սա
Թող տեսնե Հայաստան, թող կարդան Հայ քաջեր
Տեսնեն զիրենց ընկեր նահատակ է պառկել ծոցն Հայաստանի:
Անձնվեր ու քաջ Ղազարյանի պես
Ցույց տան քաջություն քաջ Արմենի պես
Գալարին աղիքներ, թափին քաղցր արցունքներ
Տեսնեն զիրենց ընկեր նահատակ է պառկել ծոցն Հայաստանի:
Հույսով են կնկքված արջանց վերջին քուն
Տեսնել Հայաստան Յուր ազատություն
Այն արդեն թող ձայնեն իմ գերեզմանից քով
Ահա ազատություն, ահա փրկությունը Մայր Հայաստանի:
Հանգչին ոսկորներ, մեջին տապանի
Լսեն փրկության ձայն Հայաստանի
Այն արդեն թող դնեն իմ գերեզմանիս վրեն
Զինավար շարքերով ազատ դրոշներով Մայր Հայաստանի:
Հայրիկ Մուրադյան — Արմենակին
ԱՐՄԵՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864 — 1904, ապրիլի 13), հայդուկապետ, Ազատագրական Շարժման խորհրդանիշներից և ՀՅ Դաշնակցության հիմնադիրներից։
Ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1891-94-ին` Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում` Անդրանիկ Օզանյանը և Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1903-04-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904-ի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։