ՃԱԽՐԻՐ ՍԱՐՄԵՆ
ՃԱԽՐԻ՛Ր, ՍԱՐՄԵ՛Ն
Հեղինակ` Գուսան Հայկազուն
Մարտունաշենից եկել էր բանբեր.
Գյուղ էին լցվել օձեր մահաբեր,
Ինչպե՞ս կարող էր մնալ անտարբեր
Կտրիճ Սարմենը՝ մեծ հայրենասեր:
Կրկներգ:
Առյուծ էիր դու, այր մի առնական,
Ճախրող արծիվը Ալհարակ լեռան,
Արծիվ էիր, բայց ոչ սովորական,
Դու կտրիճ Սարմե՛ն՝
Հերոս առնական:
Չէ՞ որ դու էիր ծրագիր կազմել՝
Կորցրած Ազատն ու Կամոն ետ բերել,
Մարտունաշենը անառիկ դարձնել,
Մահվան իրավունք քեզ ով էր տվել:
Կրկներգ:
Առյուծ էիր դու…
Փառք մեր քաջարի հայ մարտիկներին,
Սարմեններ ծնող հայոց մայրերին,
Նոր հազարամյակ մտանք մենք պատվով,
Փրկվեց հայրենիք ձեր արյան գնով:
Կրկներգ:
Առյուծ էիր դու…
Ճախրի՛ր հավիտյան, լեռների արքա՛,
Երգս թող հավերժ հիշատակ մնա,
Երկնքից գյուղիդ տիրություն արա,
Մինչ ժողովուրդդ նորից ետ կգա:
Կրկներգ:
Առյուծ էիր դու…
Մկրտիչ Մկրտչյան – Ճախրիր Սարմեն
Սարմեն Պողոսյան
Սարմեն Պողոսյան Արտաշի, Հյուսիսային Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից:
Միլիցիայի մայոր Սարմեն Պողոսյանը ծնվել է 1950 թվականին, Արցախի Մարտունաշեն գյուղում: Երևանի միլիցիայի դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության Դոնի Ռոստովի ակադեմիայում:
Դոնի Ռոստովում էլ գտնում է կյանքի ընկերուհուն՝ Արեգնազին:
«Ես երջանիկ կին եմ: Նաև` հպարտ կին, որովհետև Սարմենի կինը չէր կարող հպարտ չլինել: Ես հիմա էլ եմ հպարտ. Սարմենը միշտ ինձ հետ է: Այգում որ գործ եմ անում, ինձ թվում է՝ ինքը հետևում է, տեսնում… Նույնիսկ երբեմն բարձրաձայն խոսում եմ հետը…»:
Խոստովանում է՝ նաև դժվար էր Սարմենի կինը լինել: Մինչ Արցախյան պատերազմը Սարմենը մեկ այլ՝ հանցավորության դեմ կռվի մեջ էր:
— Ուշ էր գալիս, մեկ էլ տեսար՝ կեսգիշերին գնում էր ինչ-որ ահազանգով: Բայց երբեք չեմ տրտնջացել: Ես քրեական հետախույզի աշխատանքը միշտ սիրել եմ, «Քրեական հետախուզության տեսուչը» ֆիլմն էլ սիրածս ֆիլմերից էր: Հիշում եմ, Սարմենը որ ավարտեց, քրեական հետախուզությունում գործի նշանակեցին: Երկուսս շատ էինք ուրախացել: Բայց գերազանցությամբ էր ավարտել, և նրան ուղարկում էին Մոսկվա՝ ուսումը շարունակելու: Սարմենը հրաժարվեց: Տանը յոթ երեխա էին, պետք է ծնողներին օգներ: Սկզբում աշխատում էր Օրջոնիկիձեի ներքին գործերի բաժնում, հետո տեղափոխվեց Սպանդարյանի բաժին: Քրեական հետախուզությունում աշխատելը հեշտ չէր: Երբ գիշերվա ժամը 10-ին էր գալիս տուն, զարմանում էի՝ էսքան շո՞ւտ եկար: Գիտեինք, սովոր էինք, որ ինքը ժամը 12-ից շուտ չպիտի գա, — ասում է Արեգնազը:
Հետո սկսվեցին անհանգիստ, տագնապալից օրեր. երկրի սահմաններն ու ազատագրական պայքարի ելած Արցախը դարձան ոտնձգությունների թիրախ: Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը ամենախոցելին էին, ու Սարմեն Պողոսյանի միտքը սևեռվեց դեպի ծննդավայր, դեպի Արցախ…
Ոստիկանության կթահամալիրի բակում Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթող կա, որի վրա փորագրված է նաև Սարմեն Պողոսյանի անունը: Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը Սարմեն Պողոսյանի հետ աշխատել է Սպանդարյանի ներքին գործերի բաժնում.
— Նույն աշխատասենյակում էինք նստում ու ես նրանից շատ բան էի սովորում: Սարմենը յուրահատուկ, խարիզմատիկ կերպար էր: Հայրենասեր էր: Երևի հայրենասիրությունը նրա մեջ առաջին տեղում էր: Զարմանում էր, ջղայնանում, թե ինչու լավ չգիտենք հայոց պատմությունը, մեր մեծերի մասին… Ցավագին էր տանում, երբ ինչ-որ բանից տեղյակ չէինք: Չէր զլանում՝ ոգևորված պատմում էր… Սեղանին միշտ օրվա թերթերն էր. շատ էր հետաքրքրվում Արցախում կատարվող իրադարձություններով, հատկապես՝ Մարտունաշենի, Գետաշենի ժողովրդի կյանքով…,- պատմում է Տիգրան Եսայանը:
Իսկ կարևոր գործը Արցախյան ազատամարտում հաղթելն էր, հայրենի Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը ազատագրելն էր…
— Զարմանալի ռոմանտիկ էր. մեկ էլ տեսար՝ այն ժամանակների համար այնպիսի՜ անիրականանալի ծրագրեր կմտածեր: Ասում էր՝ «Մեր հողը պիտի ազատագրենք՝ ինչ գնով էլ լինի»: Ինքը հիվանդ էր դրանով, ինքն ապրում էր այդ գաղափարներով: Անմնացորդ նվիրվել գիտեր,- ասում է Տիգրան Եսայանը:
Սարմեն Պողոսյանը գիտեր անմնացորդ սիրել կնոջը, զավակներին, ծնողներին: Բայց ամենամեծ սերը ծննդավայրն էր: Հայրենի՛քն էր…
Սարմեն Պողսյանը զոհվեց Էրքեջ գյուղից Գետաշեն գնալու ճանապարհին 1990 թվականի սեպտեմբերի 16-ին: