ԴՐՈ
ԴՐՈ
հեղինակ` Աշուղ Գևորգ
Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտավ հավերժ քուն:
Կրկներգ
Արի, դաշնակ Դրո բազկիտ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին` քնած թե արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալուն:
Շատ դահիճներ են ընկել բազկիտ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիտ խոր վերքից,
Անթիվ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:
Կրկներգ
Շիրիմները պապերիդ քեզի կսպասեն,
Արդյո՞ք նորեն պիտի քո ձայնը լսեն,
Պանդխտության մեջ փակվեց քաջիդ աչքը թաց,
Երազներդ Իգդիր քաղաքւմ մնաց:
Կրկներգ
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես ապրել ազգիտ կարոտով,
Ղարսն ու Անի, Սուրմալու, Բիթլիս հիշելով,
Փակվել են աչքերտ հավիտյան քնով:
Կրկներգ
Սահակ Սահակյան – Դրո
Սամվել Երանյան – Դրո
Էտի Չխլյան – Դրո
Գառնիկ Սարգսյան – Դրո 1
Գառնիկ Սարգսյան – Դրո 2
Գառնիկ Սարգսյան – Դրո 3
Հրանտ և Գայանե – Դրո
Ներսիկ Իսպիրյան – Դրո
Դրաստամատ Կանայան
Դրո (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի), ռազմական և քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, Պյատիգորսկի զինվորական ուսումնարանում (1904)։ 1905-ի օգոստոսին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայ–թաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին։ 1908-ին անցել է Արևմտյան Հայաստան, կազմակերպել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ՝ Հայկական 2-րդ կամավորական զորաջոկատի հրամանատար, 1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար։ Ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը (1918-ի մայիսի 24-29)։ 1918-ի հայ-վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատար։ 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար։ 1920-ի դեկտեմբերի 2-ին, որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ Երևանում ստորագրել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը: Միաժամանակ երկկողմանի համաձայնությամբ, մինչև Ադրբեջանից Հայհեղկոմի ժամանելը, իշխանությունը հանձնվել է Դրոյին։ Ըստ համաձայնագրի 6-րդ կետի՝ որպես ձախ դաշնակցական՝ մտել է Հայհեղկոմի կազմի մեջ, սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի ճանաչել այդ որոշումը։ Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը։ Նպաստել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության (1921) կազմակերպմանը։ 1928–ից՝ վտարանդի (Ռումինիա, Լիբանան)։ Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ գործակցել է Գերմանիայի հետ՝ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու ակնկալությամբ։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ակտիվ գործունեությունից, հաստատվել է Լիբանանում ։
Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:
«Մինչ մեր հողերը բռնագրավածեն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր կռիվն է տալու, իսկ Դաշնակցության որդիները կշարունակեն այս պայքարը, արյունով կլինի, գրիչով կլինի, կռվով կլինի, մինչև Հայը հավաքվի իր բույնի մէջ, հայը տիրի հային, ոչ անգլիացին, ոչ ամերիկացին, ոչ ռուսը, ոչ թուրքը, հայը լինի իր երկրի տերը, հայը՝ լինի իր ազատությանը տերը» Դրօ