ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Տոն է բազմաշխատ` մահվան Գևորգին,
Սասնո հարազատ մեծանուն Քաջին:
Որ գրկած հողը հայրենի երկրին`
Մոտ քսան տարի ծառայեց ազգին,
Կռվեցավ անվերջ հետը դուշմանին,
Հաղթեց իր մեկով նրանց հազարին:
Վերջին կռիվմ ալ կսպասեր քաջին`
Պսակելու զինք փառաց երկնային,
Եվ ահա զորքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիվմ ալ ինչպես հրաբուխ:
Թնդաց սրտերը տասնյակ Քաջերուն,
Կռվեցան անվերջ մինչեվ իրիկուն,
Իսկ երբ գիշերեց, Գեվորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան ու գացին տրտմած:
Ճամփան աղաչեց քաջը մահամերձ.
-Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք զիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք, ընկերներ, գացեք դուք բարով:
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս` որդյակ Վարդգեսին…
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:
Նայեց բոլորտիք ալ չկար ընկեր,
Ընկած կռվի դաշտ, տառապեր անտեր,
Համբյուրեց հողը քաղցր հայրենյաց,
Փակեց աչքերը ներքևն աստղերաց:
Հանգիստ, փրկություն Քո սուրբ ոսկերաց,
Պատվավոր, հարգի անունդ անմոռաց,
Հայն ալ միշտ պիտի տոնե դարեդար
Ազնիվ Գեվորգի տոնը հավիտյան:
Գառնիկ Սարգսյան – Գևորգ Չաուշի հիշատակին
Գառնիկ Սարգսյան – Գևորգ Չաուշի հիշատակին
Հարութ Փամբուկչյան – Գևորգ Չաուշի հիշատակին
Ներսիկ Իսպիրյան – Գևորգ Չաուշի հիշատակին
Սահակ Սիսլյան – Գևորգ Չաուշի հիշատակին
Անհայտ կատարող – Գևորգ Չաուշի հիշատակին
Գևորգ Չաուշ
Գևորգ Չաուշ (Գևորգ Արոյի Ղազարյան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մըկթենք գյուղում։
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնք են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։
Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20կմ և հասնում Ծիր-Կատար։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ունեցվածքը։
Գևորգ Չաուշը եղել է այն ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ ամուսնացել է։
Չաուշի հայտնի խոսքը, ուղղված իր կնոջը՝ Եղսոյին.
«Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր որտեղ էլ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել»:
1907 թվականին թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։
Մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։
Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։
Գևորգ Չաուշը չափազանց համեստ մարդ էր, չէր սիրում իր մասին խոսել և չէր կարողանում տանել, երբ իրեն գովում էին: Հարաբերությունների մեջ բացառիկ հասարակ էր, պարզ ու շիտակ, իշխանություն ցույց տալու կամ ձևանալու թշնամի էր: Ոչ մի ձգտում չուներ իշխանություն ունենալու, մանավանդ, առաջին դեմք լինելու: Նա քաղաքական ճամարտակությունների ու բանսարկությունների կատաղի թշնամի էր, տանել չէր կարողանում «կուսակցություններ խաղացող» եսասերներին: Նա զինվոր էր, մարտիկ և իր կյանքը անմնացորդ նվիրել էր իր ժողովրդի ազատագրությանը: Նրա կյանքի բարձրագույն նպատական էր. «Լաո, լիներ Հայաստան, ես բոստան ցանեի, դու հյուր գայիր, և ես վարունգ հյուրասիրեի»: Նա չէր սիրում նաև իր մասին հորինված երգերը, և երբ այդ երգերը երգում էին, ասում էր. «Իմ վրա երգեր մի կապեք: Ես բոստանչու տղա բոստանչի եմ: Ինձ բահ տվեք»:
Գևորգի համար ամենաշռայլ ու ամենացանկալի բանը պարն էր: Եվ երբ տրամադրությունը լավ էր լինում, նա պարի էր քաշում իր ընկերներին ու պարում էր ինքնամոռաց, պարում ողջ էությամբ:
Երբ կռվի մեջ չէր, Գևորգը աշխարհի ամենախաղաղ ու ամենահամեստ մարդն էր, իսկ երբ կռիվ էր, նա կերպարանափոխվում էր: Կռվում նա տիրակալ էր, առյուծ, որ իր կեցվածքով բոլորին հարկադրում էր իրեն ենթարկվել: Նա նեղ օրվա, չարքաշ կյանքի մարդ էր: Օրերով սոված ու ծարավ էր մնում, անմռունչ դիմանում սառնամանիքներին, բնության բոլոր արհավիրքներին, և երբ ընկերները չէին դիմանում ու տրտնջում էին, ասում էր. «Հայդուկի բախտն է այդպես: Եթե հայդուկ ես, դիմացիր»:
Բարև ձեզ ։ Շնորհակալություն լավ աշխատանքի համար ։ Ներսիկ և Աղասի Իսպիրյանները մի գեղեցիկ երգ էլ ունեն Գեւորգ Չաուշին նվիրված երգը միայն youtube ում կա , ուրիշ կայքերում չեմ գտել, տեքստի առաջին քառատողի վերջին բառերը չեմ հասկանում, եթե կարող եք կգրե՞ք բառերը . նախապես շնորհակալություն ) սա էլ հղումը https://youtu.be/cU5fO1HlKWY
Բարև Ձեզ, հարգելի Աիդա կփորձենք կարճ ժամանակում երգի հեղինակից ճշտել երգի բառերը, և տեղադրել կայքում, շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով՝ http://www.ERGIR.am
Բարեւ։ Այս վերջին տարբերակի երգիչը Արա Կիրակոսյանն է։ https://www.youtube.com/watch?v=B_dswcydE0E