ՀԻՄԻ ԷԼ ԼՌԵՆՔ
ՀԻՄԻ ԷԼ ԼՌԵՆՔ
Հիմի է՞լ լռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացե’ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին,
Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհից Հայկա անունը,
Հիմքից կործանեց Թորգոմա տունը,
Խըլեց մեզանից թա’գ, և’ խոսք, և’ զենք:
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը` պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց:
Վա˜յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին,
Սոսկալի զենքը բըռնած մեր գլխին`
Կուլ տալ է տալիս արտասուք առատ`
Աղեխարշ բողոք վարուց ապիրատ,
Մեր գլուխը լալու Եփրատ ուր պտռենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին,
Լիրբ գոռոզությամբ լցրած իր հոգին`
Արդարության ձայնը հանած իր սրտից`
Արտաքսում է մեզ մեր բնիկ երկրից.
Պանդուխտ, հալածյալ եղղբարք, ուր դիմենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին
Անգոհ մեր բերած ծանր զոհերին,
Յուր լիրբ նզոված ձեռքը կարկառեց,
Ազգությանս վերջին կապը պատառեց.
Հայի կորուստը մոտ է, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ.
Սուրբ խորան չունենք, արդ ուր աղոթենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, մարդիկ ինչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն,
Չեն ասիլ որ Հայք արժանի էին
Այդ ստրական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք.
Մինչև երբ լռենք:
Թո’ղ լռե մունջը անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ`
Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք:
Ու այնպես լռենք:
Անհայտ կատարող – Հիմի էլ լռենք
Ակունք – Հիմի էլ լռենք
Անհայտ կատարող – Հիմի էլ լռենք
Անհայտ կատարող – Հիմի էլ լռենք
Սահակ Սահակյան – Հիմի էլ լռենք
ՎԱՀԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԻՄԻ Է՞Լ ԽՈՍԵՆՔ
Հիմի է՞լ խոսենք, եղբարք, հիմի՞ էլ,
Երբ ընտանեկան երկպառակությամբ
Ուրիշ բան չունինք, բայց իրար դավել,
Եվ սարսափելի ազգուրացությամբ
Մեր նախնյաց ուխտը ոտքով կոխել ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ քաջն Վարդան,
Վաթսուն հազարից, հազարով մնաց,
Մինչ մնացել էր պարսից լոկ Մատյան
Գունդը՝ մեր վաթսուն հազարի դիմաց,
Երբ մեր վատությամբ՝ ո՜ղջ կորուսել ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ օտարից շատ
Մենք ենք մեր ազգի արյունը խմում․
Մոխրատնով լցինք Դվին, Արտաշատ,
Ծխի մեջ կորավ խաչն եկեղեցուն,
Երբ այս ամենը մենք կատարել ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ հրապարակում
Պարսիկը առակ արել է հային․
«Եթե ասորու նման աշխարհում
Չկա մի վատ ազգ, բայց, քան ասորին,
Է՛լ վատ է հայը», մենք այս տանո՜ւմ ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ իշխանություն
Ծախում է անարգ հացկատակներին,
Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին
Եվ մեզ կարծում են հող իրենց ոտքի,
Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ Լուսավորչի
Բնիկ ժառանգի թևերը կտրած,
Անարգ պարսիկը՝ այս ու այն թեմի՝
Կարգում է տեսուչ ըստ յուր չար մտաց
Եվ մենք դեռ «կեցցե՛ արին» գոռում ենք։
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ ձեռք ենք տալիս,
Երբ ողջունում ենք մենք այդ չքերին։
Որ դրան շուն են, և մեզ տեսնելիս՝
Շուտ դիմակները դնում երեսին,
Այդպիսիներին դարձյալ պատվում ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ
Ամոթի սուրբ ջուր, որ բերան բանանք։
Ո՛չ, թե չենք ուզում հողից հող կորչիլ,
Թշնամու արյունով մեր թրին ջուր տանք։
Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
Ապա թե խոսենք։
«Հիմի է՞լ լռենք» երգի խոսքերը վերցված են Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպասանությունից: Երգի մեղեդին ժողովրդի մեջ տարածված է եղել փոքր տարբերություններով:
Այս երգում Վարդան Մամիկոնյանը դիմում է իր զինվորներին՝ նկարագրելով հայության դրությունը, որից պարզ է դառնում, որ թշնամին անգութ է և չի ազդվելու մեր լացից ու գութ խնդրելուց, այլ սուրը դրած մեր կրծքին, սպառնում է բնաջնջել մեզ: Նա սկզբում դավով ու բարեկամական վերաբերմունքով խաբել է մեզ, մեր զգոնությունը քնեցրել, ապա սկսել է հիմքից կործանել Թորգոմա տունը և ջնջել հայ անունը: Նենգ թշնամին նաև խլել է մեր սուրը՝ դարձյալ սկզբում եղբայրական վերաբերմունք ցույց տալով և վստահեցնելով, թե մենք սրի կարիքը չունենք: Սակայն դրանից հետո հայ գյուղացու ձեռքից նաև խոփը խլեց, երբ արդեն ընդդիմանալ հնարավոր չէր, քանզի զենք չկար այլևս նրա ձեռքին: Եվ այդ սուրն ու խոփը հալեցնելով մեզ համար ստրկության շղթա կռեց՝ ենթարկելով իր տիրապետությանը: Եվ այդ պատճառով հայ մարդն ընկել է երկրե երկիր, ազատվելու այդ ծանր լծից, սակայն օտար ափերում էլ նա միշտ մնում է իբրև օտարական՝ արժանանալով այլ ժողովուրդների արհամարհալից վերաբերմունքին ու ենթարկվելով շահագործման:
Եվ այդ ամենից հետո, հային իրեն ենթարկած թշնամին, այժմ էլ հասցնում է վերջին հարվածը՝ ձգտելով կործանել հավատքն ու մշակույթը: Չէ՞ որ ամեն ազգի ինքնությունը կախված է իրեն մեկ գաղափարի շուրջ համախմբող հավատքից և զգային մշակույթից: եվ վերացնելով դրանք էլ, այլևս հեշտ կլինի նրան ձուլել ու վերացնել:
Եվ Վարդան Մամիկոնյանը, ահեղ ճակատամարտից առաջ նկարագրելով այս իրավիճակը, հարց է տալիս հայ զորականներին, թե ի՞նչ կասեն օտարականները, եթե մենք լռենք անգամ ա՛յն դեպքում, երբ արդեն նույնիսկ Հայոց լեռներն ու ապառաժներն են աղաղակում: Արդյոք չե՞ն կարծի, որ մենք արժանի ենք ստրկական անարգ վիճակին: Ուստի բավ է՝ լռենք: Թող լռեն համրերն ու նրանք, ում համար թշնամու լուծը քաղցր է, ով տհաճությամբ չի ընդունում օրավուր նվաստացմամբ քարշ տրվող կյանքը: Եվ Հայոց սպարապետը, խթանելով հայ մարտիկիների սրտում քաջությունն ու ազատատենչությունը, հայտնում է, որ ավելի լավ է մեր փառքը մահով ետ խլենք ու այդպես լռենք, քան թե ողջ մնալով՝ լռությամբ ենթարկվենք թշնամու ստորացումներին ու կեղեքումներին:
Սա Ռաֆայել Պատկանյանը գրել է 19-րդ դարավերջին, երբ հայությունը հեծեծում էր թուրքական բռնապետության տակ: Բանաստեղծը ձգտում էր նախնյաց օրինակով բարձրացնել իր ժամանակակիցների մարտական ոգին, առավել շատերին դրդել միանալու ֆիդայական ջոկատներին, որոնք ձգտում էին մեր ժողովրդին ազատել Օսմանյան ատելի լծից, կամ գոնե առավել տանելի պայմաններով կյանք ապահովել հայությանը:
1 Response
[…] Աղբյուր՝ http://ergir.amhttps://www.youtube.comhttps://www.youtube.com […]