ՄԵՆԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄԵՆԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Խոսք` Ռոստոմի
Դուն էլ վեր կացար դեմ արևծագին,
Գոտիդ կապեցիր քո մեջքը հպարտ,
Աչքդ դարձուցիր շողուն աստղերին,
Ասիր կհասնեմ դեռ լույս չբացված։
Եվ կյանքի բեռը դրիր քո մեջքին,
Ճամփորդի ցուպը քո ձեռքը առար,
Լույսն էր շողշողում քո սաթ աչքերին,
Ու հպարտ-հպարտ էն ճամփան ընկար։
Ու սիրտդ հույսոտ, հոգիդ մրրկոտ,
Միշտ քայլում էիր, քո ճամփան փշոտ,
Քալե ու քալե, էն ուղին մոտ է,
Ալ, վառ շողերով արև կծագե։
Հե՜յ ազիզ ախպեր, շատ ջահել-ջիվան,
Կերավ ու կերավ էն անկուշտ ճամփան,
Շատերը ինկան էս ճամփու կիսին,
Սրտերը վառված, հույսը` աչքերին։
Հե՛յ վախ, հե՛յ վախ, հե՛յ, նամարդի նման
Քեզ էլ կուլ տվեց էս անկուշտ ճամփան,
Հե՛յ վախ, հե՛յ աշխարհ, քեզ էլ կուլ տվեց
Էս ազիզ ճամփան անծեր, անվախճան:
Թե սաղ մնացինք ու հազար բարով
Կրցանք հաղթանակ բերել մեր երկրին,
Թե որ մեր երկրեն հազար արյունով
Կրցանք դուրս քշել վատթար դուշմանին:
Կգամ, կկանչեմ Բասենա դաշտին,
«Հե՜յ, ազիզ ախպեր, ե՛լ, մենք հաղթեցինք,
Մենք դուրս քշեցինք, անգութ թշնամին,
Հազար, հազարով վրեժ հանեցինք»։
Անձրևից մաշված քո ոսկորները,
Կգամ, կժողվեմ մեկ-մեկ` երգելով,
Տանեմ կթաղեմ Անդոկա սարը,
Սասուն ապահով, հանգչիս անխռով։
Մկրտիչ Մկրտչյան – Մենակի հիշատակին
ԵԳՈՐ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
(ՄԵՆԱԿ)
Եգոր Առուստամյանը ծնվել է 1882 թվականին, Արցախի Վարանդայի գավառի Քռասնի գյուղում։ 1900 թվականին ավարտել է Շուշիի Թեմական դպրոցը։ 1900 թվականից քարոզչական աշխատանք է տարել Բաքվի հայ բանվորների շրջանում։ 1902 թվականից տեղափոխվել է Կարս և սկզբում զբաղվել քարոզչական-նախապատրաստական աշխատանքներով։ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեն նախ նրան հանձնարարել է շրջիկ-քարոզիչի գործը Կարսի մարզի գյուղերում և գավառներում, որը նա կատարել է մեծ հաջողությամբ։ 1902 թվականի աշնանը նա ՀՅԴ Կարսի կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ ծպտված անցել է Բասեն՝ պատրաստելու այնտեղից դեպի Սասուն զենքի ու զինամթերքի փոխադրման ճանապարհը, որի շրջանակներում նա երբեմն անցել է Խնուս, իսկ մի քանի անգամ էլ հասել մինչև Սասուն, այնուհետև կրկին վերադարձել Բասեն։
Երկրում Մենակը դիմավորել է զենք փոխադրող խմբերին և օգնել նրանց իրենց գործը անվտանգ կատարելու։ 1903 թվականի սեպտեմբերին Մենակը զոհվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ մղված կռվում, երբ փորձել է օգնության հասնել Օննիկ Նևրուզի (Հովհաննես Նևրուզյան) զինախմբին։ Նա գրել է բանաստեղծություններ։
Նրան է նվիրված Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունը`
ՄԵՆԱԿԻ ՆՎԻՐԱԿԱՆ ՍՏՎԵՐԻՆ
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր.
Հովն է հեծեծեւմ Բասենա դաշտում. –
Ոսկի երգերըդ, իմ ազի՛զ ընկեր,
Էն հովն է երգում Բասենա դաշտում:
Ա˜յ, սիրո՛ւն արտուտ լալազար գարնան,
Արազի դաշտից Մինչ Խլա՛թ ու Մո՛ւշ
Դուն թըռչում էիր սիրտըդ վառ – վառման
Գովքն ազատության երգելով անո՛ւշ:
Քաջ ընկերներով կըռիվ սըլացար –
Ազատ երգերով Արազի դաշտում.
Նամարդ թշնամուն զարկիր, զարկվեցար –
Ընկերներիդ հետ Բասենա դաշտում:
Ու ժողովուրդը կարոտ քու սիրուն
Բասենա դաշտից մինչ Խլաթ ու Մուշ
Երգում են անվերջ երգերըդ սիրուն,
Ու չեն մոռանում երգերըդ անո՛ւշ …
Ա˜խ, սուրբ վերքերով ընկերներիդ հետ
Արնոտ հողի տակ անո՛ւշ քնեցիր.
Թո՛ղ ծանր չըգա այն հողը վըրեդ,
Որն այնպես հըզոր, անհո՛ւն սիրեցիր …
Բոցիկու սարին սև ամպն է չոքեր,
Հովն է հեծեծում Բասենա դաշտում.
Անո՛ւշ երգերըդ, իմ ազի՛զ ընկեր, –
Էն հովն է երգում Բասենա դաշտում …