ՔԱՋ ՎԱՐԴԱՆ
ՔԱՋ ՎԱՐԴԱՆ
խոսք և երաժ.` Աշուղ Ջիվանի
Ավարայրի դաշտը ներկեց արյունդ,
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Ազգէ-ազգ կհիշվի անմահ անունդ.
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական:
Մեռար՝ թողիր անմահ անուն, հիշատակ,
Քո գործքերով դարձար բարի օրինակ
Դու սուրբ գործի համար եղար նահատակ,
Անմահ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական:
Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը,
Պաշտպանեցիր փրկչիդ տուած ավանդը.
Դուրս վանեցիր զրադաշտյան աղանդը,
Դու վեհ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական:
Անհայտ կատարող – Քաջ Վարդան
Ավարայրի ճակատամարտ
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում:
Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում:
Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ.
«Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:
Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։
Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։
Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:
Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։
Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից։