ՍԱՍՆՈ ԱՀԵՂ ԳՌՎԻՆ
ՍԱՍՆՈ ԱՀԵՂ ԳՌՎԻՆ
Սասնու ահեղ կռվին Գելիգուզանցի Հավսեն,
Երկու մանչն իր ղրկեց Գրքոյին քոմակ:
Մեր սուրբ Մարաթուկ Անդոկ, Ծովասար կկանչեն,
Չուր եփ մեռուկ մենք մնանք, ամոթ եղի մեզ:
ՈՒր մենք քար կհալցունք,
Ջուր կդարձունք երկաթ,
Հերիք էղնինք ծառա,
Տաջիկներուն վատ:
Իրեն երկու տղին Ավեյին Հաջոյին,
Գրքոն առավ ուր խումբ, մտավ գոտեմարտ,
Հաջո, Հաջո լաչակ քաշեմ,
Քաշեմ ես քո գլուխ,
Հորի ես կայնե լաո,
Մտի գոտեմարտ:
Երգում էր հայ քաջուհին, գրոհ տանում որիք իր,
Երգում են մայր ու որդի, երգ այս անբասիր,
Առյուծ մըր առջև են կփախնի քանց կատու,
Հերիք եղնինք հայեր տաջկին հարկատու:
Հերիք այսքան արյուն չտեսանք վառ գարուն
Մըր աչքերում միշտ լաց օգնե մեզ աստված,
Դուք մըզի ապավեն փրգիք թուրքի դավեն
Քաջ որդիք Սասնա տան մենք ձեզի ղուրբան:
Մեր կանանց կրծքին մանչ, ուսին մոսին, ձեռքին մաճ,
Նրանց դեմքին ցասում փառք քեզի Սասուն,
Դուք մըզի ապավեն փրգիք թուրքի դավեն
Քաջ որդիք Սասնո տան մենք ձեզի ղուրբան:
Սամվել Երանյան – Սասնո ահեղ կռվին
Մկրտիչ Մկրտչյան – Սասնո ահեղ կռվին
Ներսիկ Իսպիրյան – Սասնո ահեղ կռվին
Սահակ Սահակյան – Սասնո ահեղ կռվին
Սասուն – Սասնո ահեղ կռվին
1890-ականների վերջին Թուրքիայի կառավարությունը կազմակերպեց հայության հերթական կոտորածները: Սուլթան Աբդուլ Համիդը չէր կարողանում համակերպվել հատկապես Սասունի կիսանկախ վիճակի հետ: Իսկ դա այստեղի հայությանը հնարավորություն էր տալիս զենք կրել, հակառակ երկրի օրենքի, որով արգելված էր «անհավատ» հայերին զենք կրել, և ազատ կյանք վարել: 1894-ի հունիսին Համիդի հանձնարարությամբ Սասուն արշավեց 12.000-անոց զորք՝ Զեքի փաշայի գլխավորությամբ, որին միացան այլ զորքեր ևս:
Օգոստոսի սկզբներին թուրքերը հարձակման անցան: Կայծքարե հրացաններով, դաշույններով ու կացիններով զինված սասունցիները, Գևորգ Չաուշի, Դժոխք Հրայրի, Մեծն Մուրադի, Շենիկ գյուղի տանուտեր Գրգոյի (Գրիգոր Մոսեյանի) գլխավորությամբ մեկ շաբաթ աներևակայելի խիզախությամբ կռվեցին թշնամու դեմ, ապա նահանջեցին դեպի Անդոկ, Տալվորիկ լեռները՝ շարունակելով պայքարը նեղ պաշարման մեջ: Այս մարտերում աչքի ընկան Գրգոն և նրա երիտասարդ կինը՝ Շաքեն, ով լեռներում էր հայտնվել ու այդ պաշարման մեջ ընկել՝ մեկ տարեկան երեխային գրկած: Նա ևս մասնակցում էր կռվին և սասունցի մյուս կանանց հետ իր ներկայությամբ ոգևորում տղամարդկանց: Երբ զինամթերքը սպառվեց, Շաքեն,տեսնելով թշնամու անհամար ուժերը և զգալով, որ այլևս անհնար է ազատվել, հավաքեց վերջին ուժերը, բարձրացավ ժայռի վրա և երեխան գրկին նետվեց անդունդը:
Երգում ասվում է, որ Սասնա ահեղ կռվի ժամանակ գելիեգուզանցի Հավսեն իր երկու տղաներին ուղարկեց օգնելու Գրգոյին: Իսկ այդ ընթացքում մեր՝ հայոց սուրբ Մարաթուկ, Անդոկ ու Ծովասար լեռները կանչում են, թե ամոթ է, մինչև երբ պիտի իրենք մնան գերության մեջ:
Ապա ասվում է, որ շատ ենք արյուն թափել, բայց այդպես էլ չտեսանք այն գարունը, այն ազգային զարթոնքը, հանուն որի պայքարել ենք, և միշտ արտասվել ենք՝ թուրքական կառավարության բռնությունների, մեր բնակավայրերի ավերման ու հարազատների կոտորածների պատճառով, և օգնության է կանչվում Աստված:
Վերջին քառատողում խոսվում է սասունցի քաջուհիների մասին, որոնք օրերն անցկացրել են՝ երեխաներին գրկած, մոսին հրացանը՝ ուսերին, իսկ դեմքերին՝ ցասում, ինչպես շենիկցի Գրգոյի կին Շաքեն, միշտ սթափ ու պատրաստ՝ թուրքի հարձակմանը դիմագրավելու: