ՍԵՐՈԲԻ ԵՐԳ
Սերոբ Աղբյուրին
Նեմրութա սարի զմրուխտ լանջերին,
Նստել ես դու լուռ մոսինը գրկած,
Սպասում ես դու քո զավակներին,
Որսի գնացող առյուծի նման:
Քաջ ես ու արի քաջ Սերոբ փաշա,
Զուլալ աղբյուր ես դու անմահական,
Ուր էլ որ լինեմ քեզ չեմ մոռանա,
Դու Հայդուկապետ Նեմրութի ասլան:
Մենք պիտի հասնենք մեր Մեմրութ սարին,
Ու մեր երկրին լինենք պահապան,
Չենք թողնի մենք քեզ շուն թուրքի ձեռքին,
Հայոց մեծ պաշտպան քաջ Սերոբ փաշա:
Անիծեալ ըլլա
Դաւիթ մնաց տեղ. Ավերակ դառնար
Աղբյուր ջան,
Կոչտեան ըսւած գեղ:
Սոխորդա վերև`
Նումրուտ մեծ սարեն
Ցուցակ տվավ մեզ,
Աղբյուր ջան,
Զէն Մոսիններէն:
Բաղէշ վիլայեթ
Անուն Սալվի-Ձոր
Սօսի կը կանչէ.
Հոգիս ջան,
Կեաքդ ազգին տուր:
Կեցցե’ քաջ Աղբյուր
Եւ իմ մօսինին.
Յիսուն և հինգ զօրք
Աղբիւր ջան,
Ըրավ ցան ու ցիր:
Անունդ էր Աղբյուր
Մինչև ռուսաց դուռ
Աչոտ կը գրէր
Աղբիւր ջան
Կտրա, վճիռ տուր:
ՍԵՐՈԲԻ ԵՐԳ
ՍԵՐՈԲԻՆ
Աղբյուր Սերոբ
Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի: Բոլորի սրտի ծարավը կոտրում էր, դրա համար էլ անունը Աղբյուր Սերոբ էր։
Աղբյուր Սերոբը Խլաթ (ներկայումս՝ Ախլաթ) գավառի հին ու համբավավոր Խչեի տոհմից էր: Ծնվել է 1864 թվականին: Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Պատանի հասակից Սերոբը զբաղվել էր ձիարշավներով և որսորդությամբ: Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. 18 տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։
Սերոբն ամուսնացել է 17 տարեկան հասակում՝ Սոսեի հետ։ Սոսեն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր։
Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թվականին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը։
1896 թվականին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից։ 1897 թվականին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորդում։
Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «…տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»:
1895 թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։
Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սոխորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։
Թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սոխորդի վրա։ Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր։ Վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։
Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ։
Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ Սերոբի 14-16 հոգանոց ֆիդայական ջոկատը կռվում էր թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր ջոկատի դեմ։ Թշնամին անգամ թնդանոթներ է գործի դրել։ Սակայն Սերոբն իր սակավաթիվ ջոկատով կարողանում է թշնամուն էական կորուստներ պատճառել։
Թահսին փաշան հնարներ էր որոնում Սերոբին շարքից հանելու համար: Նա իր մոտ է հրավիրում շեկո ցեղի ցեղապետ Խալիլին և նրան առաջարկում միջոց գտնել Սերոբին սպանելու:
Ձմեռ էր: Սերոբը իր խմբով Գելիգուզան գյուղի Տեր Քաջի սարում գտնվող գյուղում էր: Խալիլին հաջողվում է ոսկով շլացնել Գեղաշեն գյուղի ռես Ավեին: Ավեին թույն են տալիս, որը նա պետք է խառներ ծխախոտի հետ և տար Սերոբին:
Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 1899 թվականին Գելիգուզան էր մտել Խալիլ փաշայի զորախումբը և շրջապատել էր գյուղը: Երբ առավոտյան Սոսեն հայտնեց Սերոբին իրենց կողմը շարժվող զորքերի մասին, Սերոբն ուզեց տեղից վեր կենալ, բայց չկարողացավ: Գիտակցեց՝ իրեն թույնել են: Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվեցին Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս տարան։ Նրանք շարժվեցին դեպի Անդոկ և դիրքեր գրավեցին: Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է Սերոբի գլուխը:
Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում։ Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը՝ Սոսեն, սակայն շուտով ազատվել է։
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։
https://youtu.be/50ot0s4Q_dY