ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻՆ
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻՆ
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս` անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքերն եկան, անցան լուռ արտասվելով,
Ավաղ, Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարեք հավքեր, մորը հայդուկի:
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ, վերքերիտ համար չեղավ դեղ, դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ, Թաթուլ Կրպեյան:
Գետաշենն էլ ձեզ հետ ընկավ քաջարի,
Բախտը գետաշենցու զարկեց ժեռ քարին,
Թե տուն, թե գերեզման մնացին գերի,
Մարեց վառվող մոմը վրան խաչքարի:
Դաշնակցության մարտիկ ազգի քաջ զինվոր,
Մահվան լուրտ գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:
Անանիա Հովսեփյան – Թաթուլ Կրպեյանին
Կամսար համույթ – Թաթուլ Կրպեյանին
Գառնիկ Սարգսյան – Թաթուլ Կրպեյանին
Սահակ Սահակյան – Թաթուլ Կրպեյանին
Կամսար համույթ – Թաթուլ Կրպեյանին
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ
Թաթուլ Կրպեյան` Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։
Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։
Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։
Թաթուլն ասում էր.
«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»
Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա. ինձ կբերեն…»
1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են «Օղակ» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:
Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում:
Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.:
2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը:
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող` Թալինի շրջանի Թաթուլ գյուղի տներից մեկը, ուր ծնվել ու մեծացել է ազատամարտիկը, 2017 թ. հունիսի 17-ին բացվեց որպես Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան: