ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՐՄԱՆԱՏԱՐ ՎՈՒՐԳԻՆ
խոսք և երաժշտություն՝ Անի Մարգարյան
Քո անունը կհիշենք մեր փառքի էջերում հավիտյան,
Վակունիսում նահատակ հերոս Վուրգ Ոսկանյան,
Հերոսների ապարանքում դու կաս անսասան,
Կյանքդ տվեցիր ազգիդ, սյունեցի հաղթական։
Բերձորի դարպասապահ,
Դու մշտարթուն ժամապահ,
Հայրենի հողի քաջ գիտակ,
Թշնամուն գիտեր հստակ։
Դու ծնունդ առար հաղթանակների վեհ ամսին, մայիսին,
Ու հաղթանակը դարձավ լեգենդներ քո մասին,
Քո սխրանքը մեր սրտում կապրի միշտ, հավիտյան,
Քո շիրիմը ուխտավայր հերոս Վուրգ Ոսկանյան։
Դու Դավիթ Բեկի հետնորդ,
Քաջարի մարտիկ սրտոտ,
Համարձակ քայլերով խրոխտ,
Արշավեցիր անհողդողդ։
Ու տասնմեկ կորյուններ Կորչու գյուղն սատարեց, սատարեց,
Թշնամին քո ջոկատը նենգաբար պաշարեց, պաշարեց,
Նժդեհյան շնչով ապրած նահատակ սյունեցի
Փառքիդ երգը գրեցի ես՝ Անին սասունցի։
«Անդոկ» ջոկատով հասար
Սահմանամերձ գյուղերին,
Կռիվներում անհավասար
Ջարդեցիր դու թուրքերին։
Երանի նրան, ում բարուրի մոտ, սնարին, սնարին,
Նախախնամության հավքն օծում էր ֆիդային,
Չէ՞ որ մեր ազգը ունի այդ հավքը երկնքում,
Ահա հայոց մայրերը առյուծներ են երկնում:
Այսպես ապրեց Հայաստանն
Իր հին ու նոր քաջերով,
Ովքեր արդեն լեգենդ դարձած՝
Ազգ կերտեցին դարերով:
Սաստիկ վրեժով լցվեց աչքերը Ժիրայրի,
Նահատակվել էր Վուրգը՝ ընկերն իր քաջարի,
Ու Սպիտակ Պոզավորը ժայռոտ պատկերների,
Թուր Կեծակիով առավ վրեժը քաջ Վուրգի։
Այսպես ապրեց Հայաստանն
Իր հին ու նոր քաջերով,
Ովքեր արդեն լեգենդ դարձած՝
Ազգ կերտեցին դարերով:
Անի Մարգարյան – Հրամանատար Վուրգին
ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆ
Ոսկանյան Վուրգ Արշակի
(28.5.1941 – 31.3.1993)
Վուրգ Ոսկանյանը վաղուց էր խորհում իր մտքի աշխարհում, և հայտնի էր հանրությանը հայրենասերի ու հայրենապաշտի իր համոզմունքներով։ Պատահականություն չէր 1988թ. նրա հայտնվելը հայոց զարթոնքի հանգրվանում, որովհետև նա իսկական ռազմիկի մարտական ու ոգեղեն ծնունդ էր՝ ոգեկոչող ու ոգեպնդող, խանդավառ ու հուզախռով։ Երկու տասնամյակից ավելի ռազմագիտություն դասավանդելով Սիսիան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ իր սաներին կրթում ու դաստիարակում էր հայ գոյի վերածնվող անկախության ոգով։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական ջանքերով է հայրենի Բռնակոթ գյուղում կանգնեցվել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանը, որն առաջինն էր Սիսիանի շրջանում։ Նա զոհվեց 1993 թվականին, բայց մշտապես նրա մասին ներկայով են խոսում ու հիշում, որովհետև զինղեկ էր ու հայրենագիտական ջոկատի հրամանատար, ուսուցիչ էր թե՛ աշակերտի, թե՛ զինվորի, թե՛ ընկերոջ համար, մեծ հայրենասեր էր՝ ի սկզբանե զինապաշտության իր դավանանքով։ Նա իր էությամբ զենքինն էր ու կռվի բաժինն էր, որոնց համար երկար ու բարդ ճանապարհ էր անցել՝ իր ինքնատիպ կեցվածքով, մտածողությամբ, ոգով ու գաղափարներով։
Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, մայիսի քսանության նորօրյա առաջին հանրապետության օրը։ Ընդամենը 47 տարեկան էր, երբ “եկավ” իր սպասած պահը՝ Մեծ ժամանակը։ Բնականորեն առաջիններից էր, որ գնաց իր վաղեմի երազանքին ընդառաջ։ Մի շարք նվիրյալ հայրենասերների հետ հիմնեց Սիսիանի շրջանային “Ղարաբաղ” կոմիտեն՝ իր շուրջը համախմբելով գաղափարակիցների մի խումբ։ Նա առաջինն էր, որ ստեղծեց զինված կազմավորում հայրենի շրջանի սահմանները պաշտպանելու համար։ Զենքն էլ ի՞նչ էր, որսորդական հրացան։ Վուրգ Ոսկանյանի ավանդը մեծ է շրջանի հարավարևմտյան հատվածի սահմանները պաշտպանելու գործում։ Նրա ջոկատի բազմաթիվ մարտական սխրանքներից ընթերցողին եմ ներկայացնում մի դրվագ, որը տեղի է ունեցել Նախիջևանի Շահբուզի շրջանի Արավսա գյուղի մոտակայքում (մասնակից կամավորականների հուշերից)։ Ջոկատը, որը հսկում էր Սիսիանի շրջանի Արևիս և Բարձրավան (Մուցք) գյուղերին պատկանող բարձունքները, որոնք սահմանամերձ են Շահբուզի շրջանին, հրամանատարը տեղեկություն է ստանում, որ Արավսա և Բեչենեկ գյուղերում տեղակայված են թշնամու մեծաքանակ ռազմական տեխնիկա և զինվորական ուժ։ Հավանաբար նրանք՝ ազերիները, նախապատրաստվում էին հարձակողական գործողություններ սկսել Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի վրա։ Այդ բոլորին տեղյակ լինելով և ճիշտ կռահելով ազերիների ռազմավարական պլանները՝ Վուրգ Ոսկանյանը հետևյալ կարգախոսով է դիմում իր ջոկատի քսաներեք կամավորականներին. “Սահմանները հսկում ենք միասին, պետք է կռվենք միասին, իսկ հարկ եղած դեպքում պետք է զոհվենք միասին։ Հետադարձ ճանապարհ չկա, ուրեմն` միայն առաջ”։ Երբ հասնում են Արավսա գյուղին հարող ծառախիտ տարածքը, նրանց լսածն ու իմացածն այլևս կասկած չեն հարուցում։ Այդ ժամանակ հրամանատարը, ուսապարկը գետնին դնելով, նրանից հանում է մի քանի տասնյակ հրթիռ (ՐՈՍպՑՈ) և կտրելով նրանց ճատրուկները՝ յուրաքանչյուր կամավորականին հանձնում մեկական հրթիռ և մեկ տուփ լուցկի՝ հրամայելով երկու թևերից շրջափակել գյուղի տարածքը և վառել հրթիռն ու լուցկին այն պահին, երբ օդում կերևա իր կողմից արձակված կարմիր հրթիռ-ազդանշանը։ Մեկ ժամ հետո իրականացվում է այդ հնարամտությունը։ Այդ պահին կարծես ողջ գյուղը շրջապատված էր, որի արդյունքում թվում էր, թե ուր որ է գյուղի վրա կտարափեն հրազենի կրակոցները։ Արավսա գյուղի տարածքում տեղակայված թշնամու զորամիավորումը խուճապի է մատնվում և ափալ-թափալ հեռանում գյուղի տարածքից։ Այսպիսով՝ հմուտ հրամանատարի մտահղացումն այդ պահին խաթարում է թշնամու մարտավարական պլանները, փրկում ջոկատի ողջ անձնակազմը։ Իսկ ինչու չէ, նաև ապահովում Սիսիանի շրջանի այդ տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի բնակչության անվտանգությունը։ Գուցե և դրանով խափանվեցին ազերիների հարձակումները Սիսիանի շրջանի և ընդհանրապես Զանգեզուր աշխարհի վրա, որը վաղուց ի վեր ոսկորի պես մխրճված էր թուրքերի կոկորդում։