ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ
Ադանայի ողբը (Տարբերակ 1)
Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ատանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրավ վերան:
Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:
Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:
Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:
Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:
Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով:
Ադանայի ողբը (Տարբերակ 2)
Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձաւ շքեղ Ատանան.
Կրակն ու սուրը եւ անխիղճ թալան
Ռուբինեանց տունը ա՜խ, ըրին վերան։
Րոպէ մը չանցաւ ՚ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ,
Ժամեր ու դպրոցք բոցի մէջ կորան,
Բիւրաւոր հայեր անխնայ մեռան։
Պարապ էր աւա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր էր դարձէր ամբողջ Կիլիկիան.
Միայն ապրեցաւ Հաճընը սիրուն,
Ինչու չի շարժիր ապառաժ Զէյթուն։
Ցերեկ ու գիշեր կրակը մէջէն,
Թշնամուն սուրը, գնդակը դրսէն,
Ջնջեցին հայը երկրին երեսէն,
Արիւն կը վազէ մեր ջինջ գետերէն։
Զարուհի Բաբայան – Ադանայի ողբը
Ֆլորա Մարտիրոսյան – Ադանայի ողբը
Գառնիկ Սարգսյան – Ադանայի ողբը
Հարութ Փամբուկչյան – Ադանայի ողբը
Սահակ Սիսլյան – Ադանայի ողբը
Անհայտ կատարող (1) – Ադանայի ողբը
Անհայտ կատարող (2) – Ադանայի ողբը
Անհայտ կատարող (3) – Ադանայի ողբը
Կարաոկե տարբերակ – Ադանայի ողբը
Ադանայի կոտորած
Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թ. ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից: Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջ բերեցին ազգային-քաղաքական կյանքում: Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը: Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իրենց իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ:
1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում: Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ: Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների: Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Առաջին ջարդը տևեց երեք օր: Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին:
Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը: Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում: Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում: Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից: Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը: Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ: