ԱՆԴՐԱՆԻԿ
Հովհաննես Բադալյան – Անդրանիկ
Հարութ Փամբուկչյան 1 – Անդրանիկ
Հարութ Փամբուկչյան 2 – Անդրանիկ
Տիգրան Հովհաննիսյան – Անդրանիկ փաշա, Ելիր Գևորգ, Մովսես Գորգիսյանին
Անհայտ կատարող – Զորավարի վերադարձը
Սամվել Երանյան – Զորավարի վերադարձը
Շուշան Պետրոսյան – Զորավարի վերադարձը
Րաֆֆի Հալեպլյան – Զորավարի վերադարձը
Այլ կատարումներ
Ակունք 1 – Անդրանիկ
Ակունք 2 – Անդրանիկ
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թ. փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։
Սակայն 1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թ. մայիսի 25-28-ին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։
Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։