ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ
ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ
Պաշարման մեջ է թարգմանչաց սուրբ վանք,
Որ զնա պատեց թուրք զորաց փաղանգ,
Ահա կլսվի որբոց աղաղակ,
Ահա օգնություն կոչե մեզ զանգակ:
Պաշարված են հոն Անդրանիկ, Գևորգ,
Վաթսուն որբերով անտեր և անհոգ,
Ելեք ով հայեր մի մնաք չեզոք,
Չքանդեն զվանք թուրքերն անողոք:
Զանգակի հնչյուն հասավ մինչ Սասուն,
Օգնություն կանչեց զքաջ Հարություն,
Որ յուր հետ առավ զկալեցի Ղազար,
Զայնեց Համբարձման ելիր օվ եղբայր,
Ավաղ այն սարեն չկար Համբարձում,
Կնքած էր յուր կյանք ննջած իր շիրմում,
Մի փոքրիկ խումբով հեվիհեվ եղան,
Գագաթ Սիմ սարեն անդր վար իջան:
Ձայնեց վանքին մեջ պաշարյալ եղբարց,
Քաջ եղեք ահա կոգնե ձեզ աստված,
Քաջին հրացան գոռաց ի բարձունց,
Դեպի վանք դիմեց հետ յուր ընկերաց,
Պատահեցան հոն զորաց շղթային,
Երեք զորք մեկեն գլորին գետին,
Գռվեցան զորքեր մոտեցան վանքին
Բայց վիրավորված հասան փափագին,
Ընկավ և նույնպես կալեցի Ղազար,
Անտոքա քաջեր ունկնդիր եղբայրք,
Վանքի չորս կողմեն տեղացին գնդակ,
Ցիրուցան ըրին թշնամու բանակ:
Յաղթություն եղբայրք առինք հաղթանակ,
Հայի փրկութեան կանգնելով դրոշակ,
Կամ մեռնինք չլլանք մենք ազգին ծանակ,
Կամ հաղթինք ըլլանք հայ ազգին պարծանք:
Առաքելոց վանքի կռիվը
Զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը որոշել էին ակտիվ գործողությունների և ցուցադրական ելույթների միջոցով իշխանություններին ժամանակ չտալ ուժերի վերախմբավորում կատարելու ու հարձակման անցնելու: Այդ նպատակով նրանք որոշում են ձմեռն անց կացնել Առաքելոց վանքում: Վանքը բարձունքի վրա էր, ուներ ամուր պարիսպներ և մոտ էր Մուշ քաղաքին: Հայդուկները մինչև Առաքելոց վանք գալը նախապատրաստական զգալի աշխատանքներ կատարեցին՝ վանք փամփուշտներ և վառոդ տեղափոխեցին, սննդամթերք հայթայթեցին:
1901 թվականի նոյեմբերի 3-ին Անդրանիկն ու Գևորգը 40 հայդուկներով մտնում են Առաքելոց վանք: Մի քանի օր հետո նրանց են միանում ևս 10 հայդուկներ: Նոյեմբերի 7-ին, երբ նախապատրաստական աշխատանքները դեռ չէին վերջացրել, թուրքական 3000-անոց մի զորաբանակ Սալեհ փաշայի գլխավորությամբ շրջապատում է վանքը:
Հայդուկները դիրքեր են գրավում վանքի պարիսպների վրա: Մեծաթիվ երևալու համար նրանցից ամեն մեկը կռվում էր մի քանի դիրքերից:
Վանքը պաշարելով՝ թուրքական հրամանատարությունը համոզված էր, որ պաշարվածների սննդամթերքը շուտով սպառվելու է, իսկ սառնամանիքին հայդուկները չեն կարողանա ճեղքել շղթան ու հեռանալ: Այսինքն՝ նրանք դատապարտված են սովամահության կամ գերության:
Իսկ այդ օրերին Գևորգ Չաուշը ամեն օր վանքի դպրոցի աշակերտներին հանում էր բարձր տանիքը՝ բերդ խաղալու. Հաճախ ինքն էլ էր մասնակցում: Երեք կողմից թուրքերի արձակած գնդակները մխրճվում էին տանիքի թաց հողի մեջ, կամ խաղացողների գլուխների վրայով, ֆըսթ-ֆըսթ սուլոցով անցնում, գնում՝ հաճույք պատճառելով չարաճճի աշակերտներին: Գևորգն այդ անելով նպատակ ուներ թշնամուն հասկացնել, որ վանքում գտնվողները որևէ մտահոգություն չունեն:
Գևորգը ոչ միայն անձնվիրաբար կռվում էր, այլև ամեն ինչ անում էր պաշարված հայդուկների, որբերի, ուսուցիչների տրամադրութունը բարձրացնելու համար: Գևորգի հանձնարարությամբ հայդուկներից մեկը պոկում է վանքի պատուհանի ձիթած հաստ թղթերը, դրանք ոլորում է, թաքնվում զանգակատան սյան ետևում ու բացառիկ ճշգրտությամբ նվագում թուրքական զինվորական քայլերգը: Անդրանիկն ու մյուս հայդուկները շանթահարված վեր են թռչում՝ կարծելով, թե թուրքերը վանք են մտել: Իսկ Գևորգը քահ-քահ ծիծաղում է:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Առաքելոց վանք է մտնում կառավարական պատվիրակությունը: Նրանք տեսնում են առաջնորդարանի սրահը մաքուր հավաքված և բուխարիկը վառ։ Իսկ դիմացի պատի երկայնքով իրար վրա դարսված են լինում մի քանի տասնյակ սնդուկներ։ Վրայի սնդուկներից մի քանիսը բաց էին վանքի պաշտպաններին փամփուշտ հասցնելու համար։ Արկղների մոտ հատակին ցիրուցան թափված էին փամփուշտ լցնող գործիքներ, վառոդով լի տոպրակներ, դատարկ պարկուճներ։
Իրականում բոլոր սունդուկները դատարկ էին, բացի վրայի մի քանի արկղերից։ Վանքի մեջ մոմի դատարկ սնդուկներ կային։ Անդրանիկը կարգադրել էր դրանք առաջնորդարանի մեջ իրար վրա շարել, որ կարծվի, թե նրանք դեռ երկար կարող են դիմադրել և չեն պատրաստվում վանքից հեռանալ։
Պաշարված հայդուկները պահանջում են ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Անդրանիկը նրանց ասում է. «Մենք տերության դեմ ապստամբներ չենք, մենք եղած անիրավություններուն դեմ բողոքողներ ենք միայն»:
Քսան օր մի բուռ հայդուկներ դիմադրեցին թուրքերի երեք հազարանոց բանակին:
1901 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները դուրս եկան վանքի փոքրիկ դռնից: Բոլորն էլ հագած էին ճերմակ շապիկներ, գլուխները ճերմակ փաթաթած։
Նրանք առաջանում էին զույգ-զույգ, առաջապահ, հետնապահ և կարգապահ խմբերի բաժանված։ Հերթով համբուրում էին վանքի էբենոսյա կամարակապ դուռը, շատ կարճ աղոթք մրմնջալով և անձայն, անշշուկ ընթանում էին իրար ետևից ուսապարկերը շալակած, ոմանք կռացած, իսկ ոմանք ուղղակի սահելով ձյուների վրայով և ճեղքելով վանքը պաշարած զորքի շղթան։ Կատաղի քամին նրանց երեսներին և ճերմակ շապիկներին զարկվելով, ասկյարների վառած կրակների վրայով որոտաձայն իջնում էր դեպի Ալվառինջի սարերը։
Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին:
Ժողովուրդը դուրս է գալիս վհատության հեղձուկ խավարից և գտնում է ապրելու կամք և պայքարի արիություն: