ՃԱԽՐԻՐ, ԻՄ ԱՐԾԻՎ
ՃԱԽՐԻՐ, ԻՄ ԱՐԾԻՎ
Խոսք՝ Սուսաննա Ենգիբարյանի,
Երաժշտ.՝ Դավիթ Ամալյանի
Անհուն պայքարի հրեղեն ոգին
Քո մեջ է, որդի՛ս, և առյուծի սիրտ,
Հաղթանակների հերոս կատարին
Դու հասար, որդի՛ս, քո բազկով արի:
Ճախրի՜ր, իմ արծի՜վ, ճախրի՜ր երկնքում,
Հսկի՜ր, հայրենի ամեն մի բարձունք,
Ճախրի՜ր, իմ արծի՜վ, ճախրի՜ր վերևում,
Հսկի՜ր, հայրենի ամեն մի բարձունք:
Հողը հայրենի, լեռներն անսասան,
Երկինքը ջինջ և ջուրն անարատ
Արծիվ են ծնել հոգով արիական,
Ճախրի՜ր դու անպարտ, հզոր պաշտպա՜ն:
Մկրտիչ Մկրտչյան – Ճախրիր, իմ արծիվ
ԱՐՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՑՈՒԼ
1974 թ. սեպտեմբերի 16-ին շինարար Վալիկո Զոհրաբյանի և հոգեբան-մանկավարժ Սուսաննա Ենգիբարյանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը` Արմանը: Ընտանիքի փոքր ու չարաճճի զավակն էր, բայց Նունե քրոջ ասելով՝ այնքան համով, որ բոլորն են սիրել` բարեկամներից սկսած ու հարևաններով վերջացրած: Նաև այնքան առույգ ու չարաճճի, որ «Մաուգլի» են անվանել, իսկ դպրոցում` «Ցուլ» իր թիկնեղ, պինդ ու ֆիզիկապես կոփված լինելու համար: Ավարտել է մայրաքաղաքի թիվ125 դպրոցը, քիչումիչ զբաղվել կինոյով: Ուզում էր ֆիլմ, տեսահոլովակներ նկարել: «Հայֆիլմ» կինոստուդիա էր հաճախում: Ու մինչ անվանի շինարար Վալիկո հայրը որդուն Լենինգրադ կրթության ուղարկելու պլաններ էր մշակում, որդին այլ ճանապարհ ընտրեց:
1989-ից անդամագրվեց «Ազգային լեգեոն» կամավորական ջոկատին կից մարմնակրթական երիտասարդական միության կրտսերների ջոկատին, որի անդամները հիմնականում քանդակագործ, նկարիչ, երաժիշտ երեխաներ էին, ինչպես, օրինակ՝ նկարիչ Մկրտիչ Տոնոյանը, երաժիշտ Դավիթ Ամալյանը: Իսկ հրամանատարը մասիսցի Լյովան էր:
Ոչ միայն չհասցրեց կրթություն ստանալ, այլև անձնական կյանքը դասավորել, ընտանիք ունենալ, որովհետև շարժման առաջին իսկ օրից սահմանների պաշտպանության գործին նվիրվեց կամավոր:
1992-ին մասնակցեց Բալուջայի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև՝ Խոջալուի ազատագրմանը, մայիսի 5-ից հունիսի 19-ը՝ Շուռնուխի ուղղությամբ մղվող պաշտպանական մարտերին: Իսկ նույն թվականի հոկտեմբերից-դեկտեմբեր` «Արծիվ» գումարտակի հետ Քաշաթաղի շրջանի (Լաչինի միջանցք) հարավային թևի (Գյուլիբերդ, Ղուշչուլար, Սաֆյան) ուղղություններում մղվող ինքնապաշտպանական գործողություններին մասնակցեց, ավելի ուշ` 1993 թ. հուվարի 7-27-ը` նույն շրջանի Մալխալավ գյուղի ինքնապաշտպանությանը:
Երբ տևական բացակայությունից հետո ուշ գիշերով հոգնած տուն էր գալիս, անլույս տարիներն էին, սուսուփուս անկողին էր մտնում, որ տնեցիներին չարթնացնի, բայց դա երբեք չէր վրիպում կարոտաբաղձ մոր ու քրոջ ուշադրությունից: Ստիպողաբար այնքան էին պաչպչում, որ հոգին հանում էին: Միայն առավոտյան էին տեսնում, թե որքան մրոտ, կեղտոտ է իրենց փոքրիկ զինվորը դիրքերից իջել: Ի դեպ, ոչ միայն Արմանը, այլև «Ճտերի» ջոկատի բոլոր անդամները (հաճախ նաև այդպես էին նրանց անվանում շրջապատում) երկաթյա մի սկզբունք ունեին` զենքով ու զինվորական հագուստով ոչ միայն տուն չգալ, այլև քաղաք դուրս չգալ: Ջոկատ, որ միշտ իր առաջադրանքը պատվով է կատարել: Իսկ նկարիչ Մկրտիչ Տոնոյանն էլ հպարտությամբ հիշում է, որ Կովսականի (Կուբաթլի) շրջանի Սեյդար գյուղն ազատագրել են առանց զոհերի:
Բայց 1992-ի ամառը, ինչպես ասում են, սև տարի եղավ Մարտակերտի համար: Երբ հուլիսի 4-ին տեղահանվեցին ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչներն ու վերին գյուղերը բարձրացան, ինքնապաշտպանական շատ ջոկատներ Մարտակերտի գյուղերը պահելու փորձ արեցին:
Հետևաբար, 1992 թ. հուլիս-օգոստոսին Արմանը նույնպես մասնակցեց շրջանի Մոխրաթաղ, Հոռաթաղ, Հակոբ-Կամարի, Տոնաշեն, Թալիշ, Մադաղիս գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Բայց, ցավոք, այդ գյուղերն ընկան` սպասելով իրենց աստեղային ժամին: Լավ է, որ այդ ժամը շատ չուշացավ: Իսկ ավելի ստույգ` 1993-ի ձմռանից Մարտակերտի շատ գյուղեր մեկիկ-մեկիկ ազատագրվեցին թուրք խուժանից:
Արմանի ծնողները երբեք որդուն կռվից հետ պահելու փորձ չեն արել, ոչ էլ երկրից են փախցրել, բայց ներքին տագնապ, այնուամենայնիվ, ապրել են: Եվ դա բնական է: Արմանն էլ գաղտնապահ զինվոր էր, ռազմի դաշտից, զինվորական կյանքից, մարտադաշտի իրադարձություններից տանը ոչինչ չէր պատմում: Իսկ երբ ընկերներով տուն էին գալիս, այլ բաներից էին խոսում, ծիծաղում, կատակներ անում, ու տեսնողը կմտածեր՝ տղաները ոչ թե մարտի դաշտից են եկել, այլ քեֆ- ուրախությունից: Չէր կիսվում նաև քրոջ հետ, որի հետ շատ մտերիմ էր, բայց քրոջն ի վերջո հաջողվեց իմանալ, որ եղբայրը նռնականետ է աշխատացնում, որ նրա արձակած կրակը միշտ դիպուկ է եղել:
1994-ի ապրիլը կրկին թակեց մարտակերտցու դուռը և իրադարձային դարձավ, որովհետև վերջին շնչով գոնե ազատագրվեցին Մադաղիսն ու Թալիշը:
Թշնամին քաջ գիտակցում էր իր «ավարի» գինը, հետևաբար, մեծ ուժ էր կենտրոնացրել: Դժվարին, ծանր օրեր ու մարտեր էին սպասվում:
Ապրիլի 11-ի լուսադեմին Զոհրաբյանների տանը հնչած հեռախոսազանգը գուժեց, որ Արմանը վիրավորվել է: Երբ տնեցիք մայրաքաղաքի հոսպիտալ շտապեցին, պարզվեց, որ վիրավորը ոչ թե Արմանն է, այլ ընկերը` Արտեմ Պողոսյանը, որի աջ ոտքը ծնկից ներքև կտրվել էր: Պարզվում է, երբ Արտեմը ուշքի է գալիս, շարունակ Արմանի անունն է տալիս: Բժիշկներն էլ կարծում են՝ վիրավորը Արմանն է:
Ի՞նչ էր կատարվել դրանից առաջ: Մադաղիսի կենաց-մահու մարտում վիրավորների թիվը գնալով շատանում էր: Վիրավորներ տեղափոխող ՈՒԱԶ-ը ստիպված էր 8 ուղևորով 3-րդ ուղերթը կատարել: Երբ Արտեմը փորձել է վարորդի կողքին նստել, Արմանը նրան իջեցրել է՝ ասելով. «Դու քո մոր միակ տղան ես, գնա հետևում նստի»: Փաստորեն, 3-րդ ուղերթը ճակատագրական է լինում ոչ միայն Արմանի, այլև 3 զինվորի համար: Ճանապարհին մեքենան հայտնվում է ականի վրա և պայթում:
Մարտական ընկերոջ կորուստը մեծ էր ու ծանր: Զինվորական փառքով հուղարկավորելով Եռաբլուրում` երդվում են, որ Արմանի վրեժը պարտադիր կլուծեն: Իսկ լուծումն այդ, անշուշտ, Մադաղիսի ազատագրումը եղավ:
Տարիներն անցան, բայց մայրը` տիկին Սուսանան էլ ձեռքերը ծալած չնստեց: Քանաքեռ-Զեյթուն համայնքի վիրավոր ազատամարտիկների մայրերին օգնող հասարակական կազմակերպություն հիմնեց` իր շուրջը հավաքելով իրենց համայնքի 64 որդեկորույս ընտանիքների: Բանաստեղծություններ գրեց, որոնց բառերի հիման վրա Դավիթ Ամալյանը Արմանին նվիրված երկու երգ («Ճախրիր իմ արծիվ» և «Ցուլի երգը») գրեց: Բայց մոր սիրտը երկար չդիմացավ, երկու տարի առաջ ճաք տվեց…
22 տարի է անցել Արմանի զոհվելուց, բայց այսօր շատերն են հիշում: Մայրաքաղաքի թիվ 50 դպրոցի ռազմագիտության կաբինետն ու մի դասարան Արմանի անունն են կրում, դպրոցի միջանցքում ընկերների և ընտանիքի միջոցներով խաչքար է տեղադրվել: Նրան չեն մոռացել նաև Մադաղիսում, ուր երկու անգամ ուխտագնացության են մեկնել:
Հայրը` Վալիկո Զոհրաբյանը, այսօր ցավով է նշում, որ որդուն լավ չի ճանաչել, որ նրան առավել բացահայտեց, երբ Մադաղիս գնաց, հանդիպեց, զրուցեց տղային ճանաչողների հետ: Նոր միայն հասկացավ իր տղայի մեծությունը, մարդասիրությունը, որին Մադաղիսում խաղաղության դրոշակակիր էին կոչում:
Վալիկո Զոհրաբյանը օրն անց է կացնում տղայի, հիմա արդեն նաև կնոջ նկարների հետ զրուցելով: Դստեր հետ ապրում է մեկսենյականոց բնակարանում: Մեծ տղան հաճախ է ստիպում իր մոտ տեղափոխվել, բայց հրաժարվում է: «Թեև ասում են, որ տղամարդը չի լացում, բայց ես իմ տանը հաճախ զրուցում եմ պատից կախված տղայիս, կնոջս նկարների հետ ու լաց լինում: Գուցե ճիշտ չէ, որ տղամարդը լացում է, բայց ես էլ այդպիսին եմ: Իմ լացն ինչո՞ւ ուրիշը լսի»,- ասում է 79-ամյա Վալիկո Զոհրաբյանը, որի հոգին արդեն 22 տարի է՝ լուռ մխում է Արման որդու կորուստը: