ԴՐՈ
ԴՐՈ
հեղինակ` Աշուղ Գևորգ
Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտավ հավերժ քուն:
Կրկներգ
Արի, դաշնակ Դրո բազկիտ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին` քնած թե արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալուն:
Շատ դահիճներ են ընկել բազկիտ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիտ խոր վերքից,
Անթիվ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:
Կրկներգ
Շիրիմները պապերիդ քեզի կսպասեն,
Արդյո՞ք նորեն պիտի քո ձայնը լսեն,
Պանդխտության մեջ փակվեց քաջիդ աչքը թաց,
Երազներդ Իգդիր քաղաքւմ մնաց:
Կրկներգ
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես ապրել ազգիտ կարոտով,
Ղարսն ու Անի, Սուրմալու, Բիթլիս հիշելով,
Փակվել են աչքերտ հավիտյան քնով:
Կրկներգ
Սահակ Սահակյան — Դրո
Սամվել Երանյան — Դրո
Էտի Չխլյան — Դրո
Գառնիկ Սարգսյան — Դրո 1
Գառնիկ Սարգսյան — Դրո 2
Գառնիկ Սարգսյան — Դրո 3
Հրանտ և Գայանե — Դրո
Ներսիկ Իսպիրյան — Դրո
Դրաստամատ Կանայան
Դրո (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի), ռազմական և քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, Պյատիգորսկի զինվորական ուսումնարանում (1904)։ 1905-ի օգոստոսին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայ–թաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին։ 1908-ին անցել է Արևմտյան Հայաստան, կազմակերպել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ՝ Հայկական 2-րդ կամավորական զորաջոկատի հրամանատար, 1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար։ Ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը (1918-ի մայիսի 24-29)։ 1918-ի հայ-վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատար։ 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար։ 1920-ի դեկտեմբերի 2-ին, որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ Երևանում ստորագրել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը: Միաժամանակ երկկողմանի համաձայնությամբ, մինչև Ադրբեջանից Հայհեղկոմի ժամանելը, իշխանությունը հանձնվել է Դրոյին։ Ըստ համաձայնագրի 6-րդ կետի՝ որպես ձախ դաշնակցական՝ մտել է Հայհեղկոմի կազմի մեջ, սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի ճանաչել այդ որոշումը։ Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը։ Նպաստել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության (1921) կազմակերպմանը։ 1928–ից՝ վտարանդի (Ռումինիա, Լիբանան)։ Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ գործակցել է Գերմանիայի հետ՝ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու ակնկալությամբ։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ակտիվ գործունեությունից, հաստատվել է Լիբանանում ։
Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա: