ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ
ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ
Հեղինակ` Աշուղ Ֆահրատ
Հայրենյաց սիրույն համար
Խմբեր պատրաստվել են քաջ,
Հրացաններն ուսերին,
Փամփուշտները փախ ու աջ։
Ոսկեզօծ բաշլուղներով,
Լազի շորեր թանկագին,
Գնում էին դէպ Սասուն
Օգնելու Անդրանիկին։
Հնազանդ կարգով շարված,
Իրենք առյուծի պես քաջ,
Խմբապետը հրահանգ տվեց
-Գնալ` դեպ առաʹջ, առաʹջ։
Խմբապետը Նևրուզն էր,
Օգնականը շատ քաջ էր,
Աղջոն առաջ կանգնած էր,
Պատերազմի կսպասեր։
Հայ քաջերը դիրք մտան,
Թշնամուն պաշարեցին,
«Ամէն կողմից կրակ տվեք,
Կոտորեցե՛ք» գոռացին։
Յաման եկավ ջան ֆեդան,
Սարսափ տիրեց բանակին,
Փախչում էին դեպի լեռներ,
Վախկոտները խմբովին։
Խավարից լոյս ծագեցավ,
Երևում էին հույսեր.
Դաշնակցության ցանած սերմեր
Տալիս էին նոր նոր բույսեր։
Հովիկ Գրիգորյան – Հայրենյաց սիրո համար
Գառնիկ Սարգսյան – Հայրենյաց սիրո համար
Ջորջ Թութունջյան – Հայրենյաց սիրո համար
Ներսիկ Իսպիրյան – Հայրենյաց սիրո համար
ՕՆԻԿ ՆԵՎՐՈՒԶ
(Հովհաննես Նևրուզյան)
Ծնվել է Ռոդոսթոյի Թեքիրդաղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, ապա զբաղվել է ծխախոտի մշակությամբ: 1894 թվականին Նևրուզն արդեն ուներ չորս զավակ: Նա անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ռոդոսթոյի նորաստեղծ կառույցին, այնուհետև ձեռնամուխ է լինում տեղի ՀՅԴ կառույցի հզորացման և հայության զինման գործին: Ոստիկանության հետապնդումներից խուսափելով՝ Օնիկ Նևրուզը 1896 թվականին անցնում է Ռումինիա, որտեղ բացում է մի փոքրիկ ճաշարան՝ իր ապրուստը հոգալու համար: 1898 թվականին Օնիկ Նևրուզը նախ անցնում է Թիֆլիս, այնտեղից՝ Օդեսա, ուր կարճ ժամանակով ծառայության է անցնում մի հայ վաճառականի մոտ: Բայց այստեղ ևս երկար չի մնում և 1899 թվականինՕդեսայից մեկնում է Ժնև: 1901 թվականին Օնիկ Նևրուզը միանում է հայ-մակեդոնական հայդուկային մի միացյալ խմբի, որը 1901 թ. հունիսի 6-ին Ադրիանապոլսում (Էդիրնե) հարձակում է գործում Մուստաֆա բեյի ագարակի վրա` այստեղ հյուր գտնվող Էդիրնեյի վալիին գերի բռնելու համար, որպեսզի թուրքական կառավարությունից որպես փրկագին պահանջեն հայ և բուլղար մի քանի հեղափոխականների ազատ արձակումը և որոշ գումար կորզեն: Սակայն, այս ձեռնարկն անցնում է անհաջող: Տեղի է ունենում բախում հայ-մակեդոնական հեղափոխականների և դեպքին վրա հասած թուրք ոստիկանների միջև: Որոշ հեղափոխականներ զոհվում են, մյուսները՝ ձերբակալվում: Օնիկ Նևրուզին, որը ձերբակալվածների թվում էր, հաջողվում է փախչել բանտից: 1902 թվականին Օնիկ Նևրուզը ՀՅԴ հիմնադիր-անդամ Քրիստափոր Միքայելյանի հանձնարարությամբ անցնում է Կովկաս, ակտիվորեն մասնակցում «Փոթորիկ» գործին, որի նպատակն էր ահաբեկման ճանապարհով հայ ազատագրական պայքարի համար դրամ կորզել հայ մեծահարուստներից, որը ոչ միշտ է, որ անցնում էր առանց միջադեպի:
«Շանթ» զինատար խումբը
1903 թվականից Անդրկովկասի հայության շրջանում ծայր է առնում Սասունի ապստամբներին օգնելու նպատակով մարտական և զինատար խմբեր կազմավորելու և Սասուն առաքելու գործընթացը, որին անմիջական մասնակցություն ունենալու համար Օնիկ Նևրուզը 1903 թվականին անցնում է Կարս` դառնալով Սասուն մեկնող «Շանթ» զինատար խմբի հրամանատարը: Օնիկ Նևրուզի գլխավորած «Շանթ» զինատար խմբին զուգահեռ ռուս-թուրքական սահմանը պետք է հատեր նաև Խանի (Բարսեղ Թիրաքյան) ղեկավարած «Կայծակ» հեծյալ խումբը:
Նեվրուզի խումբը պետք է անցներ Շադևան, Արմուտլու, Բաշգյուղ, այնտեղից էլ դեպի Թուրխոջա թուրքական գյուղի սահմանները: Խանի «Կայծակ» և Նևրուզի «Շանթ» զինատար խմբերը թուրքական Բասենում պետք է միանային, ապա Խնուսի վրայով անցնեին Մուշ և Սասուն:
1903 թ. սեպտեմբերի 10-ին Կարսի Տեոլպենքլի գյուղում տեղի է ունենում «Կայծակ» և «Շանթ» մարտախմբերի ռազմական խորհուրդների միացյալ խորհրդաժողով, ուր վերջնականապես ճշտգրտվում են Սասուն մեկնելու ստույգ օրն ու ուղիները: 1903 թվականի սեպտեմբերի 17-ին Օնիկ Նևրուզի 89 հոգուց բաղկացած զինախումբը առանց որևէ միջադեպի անցնում է ռուս-թուրքական սահմանը: Սեպտեմբերի 18-ի գիշերվա ժամը 3-ին զինախումբը գետանցում է Արաքսը և ուղղություն վերցնում դեպի Բոցիկի լեռները` հանդիպելու նույն օրը սահմանն անցած Խանի (Բարսեղ Թիրաքյան) հեծելախմբին: Նևրուզի հանձնարարությամբ զինախմբի 19 անդամներ, որպես առաջապահ, զինախմբի համար տեղ նախապատրաստելու նպատակով մեկնում են Յուզվերան գյուղ: Զինախմբի մյուս մասը Նևրուզի առաջնորդությամբ, շարժվելով վերջիններիս հետևից, պետք է մի փոքր դադար առներ Յուզվերանգյուղում, ապա շարունակեր առաջ ընթանալ նախանշված երթուղով: Սակայն, նրանց ճանապարհը փակում են թուրք զինվորներն ու քուրդ զինյալները, և զինախմբին չի հաջողվում հասնել Յուզվերան: Նևրուզը հարկադրված փոխում է շարժման ուղղությունը և զինախմբին առաջնորդում է Խնուս:
Շուտով Նևրուզի զինախումբը հասնում է Բասենի Թուրխոջա գյուղն ու բախվում թուրքական կանոնավոր զորքերին և քրդական աշիրեթներին: Մինչև երեկո տևած կռվի ընթացքում հայդուկներից 7-ը զոհվում են, իսկ թշնամին, տալով զգալի կորուստներ, լքում է մարտադաշտն ու հայդուկների տնօրինությանն է թողնում զգալի քանակությամբ զենք ու զինամթերք: Քանի որ այլևս հնարավոր չէր առաջ շարժվել դեպի Սասուն, ուստի խումբը որոշում է վերադառնալ ռուս-թուրքական սահման, որն ընդամենը 20 կմ էր հեռու մարտադաշտից: Սակայն, դեպի ռուսական սահմանը շարժվելիս զինախումբը բախվում է թնդանոթներով զինված թուրքական մեծաքանակ զորքի և քրդական աշիրեթների հետ և մինչև վերջ մարտընչելով` խմբի գրեթե բոլոր անդամները, որոնց թվում՝ նաև Օնիկ Նևրուզը, զոհվում են: