ԿԱՐՈՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԿԱՐՈՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
հեղինակ` Ռաֆիկ Ղազինյան
Մռավ լեռան լանջին սև ամպեր պատեց.
Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,
Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,
Դաշնակցական քաջ էր` անունը Կարոտ։
կրկներգ
Հիշեʹք, հայեʹր չմոռանաք ձեր նախնյաց անուն,
Նրանց հոգին միշտ մեզ հետ է, դժվար պայքարում
Մեծ Չաուշի դու հետնորդն ես` անվախ Տարոնցի,
Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձի…
Թշնամին մեր գավառները պաշարեց,
Հայդուկների զարկից գետին գլորվեց,
Գազան թուրք, մեր սրտերն արել ես յարոտ,
Քո դեմն Է դուրս ելել ֆեդայի Կարոտ։
կրկներգ
Անփառունակ հայեր մեր հայրենիքում,
Անթիվ զոհվածների արյունն է հոսում,
Մեր քրտինքով շինված կիսավեր գյուղում,
Անվախ, հերոս Կարոտ «վրեժ» Է գոռում։
կրկներգ
Քաջիդ համբավ շատ երկրներ տարածվեց,
Համայն հայությունը քեզի ճանաչեց,
Դու հայոց լեռների կորյունն ես, Կարոտ,
Ռազմի դաշտից փախան թուրքերերն անամոթ։
կրկներգ
Ես մի երգիչ, սրտիս խորքից գրեցի,
Որքան կարողացա, փառքդ գովեցի,
Ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս,
Հաղթանակած հայրենի օջախ դառնաս:
Ազնիվ Հակոբյան – Կարոտի հիշատակին
Ներսիկ Իսպիրյան – Կարոտի հիշատակին
Գառնիկ Սարգսյան – Կարոտի հիշատակին
Կարոտ Մկրտչյան
Կարոտ Մկրտչյանը ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին Սիրիայում: Մեկ տարի անց Հայաստան է տեղափոխվում Կարոտի ընտանիքը և հաստատվում է Պռոշյան գյուղում: Ըմբշամարտիկ, մարտարվեստի գիտակ Կարոտը 1989 թվականից եղել է Պռոշյանի մարտական ջոկատների հրամանատարը:
1990թ. աշնանը Կարոտի խումբը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։ 1991թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։ 1991թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
«Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի»,-ասում էր Կարոտը:
Նրա վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 13-ին` Շահումյանի Ջամբազի դիրքերում: Նրա մարտական ընկերները հենց այդ վայրում էլ վերջին անգամ տեսել են Կարոտին: Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ, որն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, նա, այնուամենայնիվ, աներկբայորեն վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամ նահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը:
«Մարտունաշենում Կարոտի վերջին կռիվն էր։ Մեր հրամանատարը Կարոտն էր։ Երեկոյան շարժ զգացինք, այդ գիշեր անհանգիստ մնացինք։ Դիրքերից տղաներն ասացին, որ անսովոր բան է կատարվում, լրացուցիչ ուժեր ուղարկենք։ Կարոտը մեզ մեքենայով դիրքեր տարավ, հետո գնաց, որ շտաբի հետ կապվի։ Մինչև իր հետ վերադառնալը կռիվը սկսվեց։ Մի 3-4 ժամ դիմադրելուց հետո տղաները հետ քաշվեցին։ Ես ու Պետոն չկարողացանք հետ քաշվել, մեր թիկունքում ժայռ էր։ Տեսադաշտում երևում էր, թե ինչպես են տղաները հետ քաշվում։ Ես ու Պետոն մի բան տեսանք, որ մի հոգի երկու արկղ փամփուշտ ձեռքը բարձրանում է սարը՝ մեր տղաների մոտ։ Հետո իմացանք, որ Կարոտն է եղել։ Տղաները պատմում են, որ ինչ-որ գլորվել են, մի քանիսը մի կողմ, ինքը մի կողմ։ Կարոտին էլ չեն տեսել։ Ինքը անհայտ կորավ Ջամբազ սարի վրա»,- Ջամբազի արծվի անհայտ կորչելու մասին հիշում է Վարդգես Մուրադյանը։
Արցախյան պատերազմում անհետ կորած Կարոտ Մկրտչյանի հայրը` Հովհաննես Մկրտչյանը, որդու և նման հերոս տղաների մասին խոսելիս այսպես է արտահայտվել. «Կարոտից ու Կարոտի նմաններից այնքան բան եմ սովորել: Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, կասեն՝ իր որդին է՝ գովում է, բայց էն փոքր ժամանակ էլ ոնց որ հասուն մարդ լիներ, լավ գիտեր հայրենիքի գինը: Ասեց` պիտի գնամ Ղարաբաղ ու հաղթանակած վերադառնամ: Հաղթանակը եղավ, բայց Կարոտը չվերադարձավ»:
Նրան հիշելիս ընկերներն ասում են՝ «Կարոտը հրամանատար էր` քաջ ու կրակոտ, միաժամանակ` զուսպ ու հավաք: Ծնվել էր ասես հենց հրամանատար լինելու համար»: