ԿՈՎԿԱՍԻ ՔԱՋԵՐ
ԿՈՎԿԱՍԻ ՔԱՋԵՐ
Կովկասի քաջե’ր, խմբեր կազմեցէք,
Քաջ Անդրանիկին օգնութեան հասէք,
Առած իր շուրջը զինվորներ ութսուն,
Մաքրեց ճանապարհ նա դէպի Սասուն:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Հայ պատանիներ, շուտով շարժուեցէք,
Երբեք մի վախենաք, սուսեր շարժեցէք,
Հասել է ժամը սուրբ ազատութեան,
Կենալու ժամ չէ, շուտով քալեցէք:
Սիրենք միություն, չանենք վատություն,
Ունենանք, հայե’ր, սուրբ ազատություն:
Քաջ Անդրանիկը անվախ, սուր առած,
Հայաստան գնալ վաղուց էր ուխտած,
Աջ ու ձախ ջարդել թուրք զինվորներին,
Քիուրդերից մատաղ բերել վանքերին:
Դէ˜հ, Շաքիր Փաշա, մտածիր հնար,
Հազար ոսկիով անես գլխիդ ճար:
Կովկասի քաջե’ր, առյուծի ձագեր,
Սիրէք ձեր սուսեր, առէք նիզակներ,
Հայոց օրիորդներ, օրհնեալ տիկիններ
Ծախեք ձեր զարդեր, առէք գնդակներ:
Աղքա’տ, քո լուման տուր հայրենիքին,
Փրկելու քո խիղճ կարոտ ընկերին:
Կովկասի քաջեր
Կովկասի քաջե’ր, գնանք Մուշ – Սասուն,
Մեր քույր – եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ յուր ընկերներով
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
Կովկասի քաջեր խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Առած իր շուրջը ֆիդայիք ութսուն`
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ – Սասուն:
Կովկասի քաջեր, առյուծի ձագեր
Հեծեք ձեր ձիեր, կապեցեք զենքեր
Օրհնյալ տիկիններ, Հայոց օրիորդներ
Ծախեք ձեր զարդերը, գնեք փամփուշտներ:
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջաց ձայնը շուտով կլսվի,
Անդրանիկը քաջ կանգել է առաջ
Խավարին ընդեմ կուզե պատերազմ
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Ով, հայոց քաջեր
Ո’վ, հայոց քաջե’ր, գնանք Մուշ – Սասուն,
Մեր քույր – եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ ֆիդայիներով,
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Ով հայոց քաջե’ր, խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Առած իր շուրջը ֆիդայիք ութսուն`
Մաքրեց ճանապարհը դեպի Մուշ – Սասուն:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Հայ պատանիներ, դե շուտ շարժվեցեք,
Միշտ արի եղեք, սրեր շարժեցեք,
Հայոց օրիորդներ, օրհնյալ տիկիններ,
Ծախեք ձեր զարդերը, առեք փամփուշտներ:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջաց ձայնը շուտով կլսվի,
Հասել է ժամը սուրբ ազատության,
Կռվելու ժամ է, դե շուտ շարժվեցեք:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Անհայտ կատարող – Կովկասի քաջեր
Այս երգում մի քառատող կա, որտեղ պատմվում է, որ մի առավոտ արթնանալով, հայ ֆիդայիները տեսան, որ շրջապատված են թուրքական 4000-անոց զորքով, և սկսում են երեսուն հոգով կռիվ մղել: Սա արձագանքն է Առաքելոց վանքի կռվի: 1901 թվականի նոյեմբերի սկզբներին Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ Մշո Առաքելոց վանք է գալիս հայդուկների 25 հոգանոց մի խումբ: Իր զինակիցներով նրանց է միանում նաև Սեբաստացի Մուրադը: Վանքում եղել է նաև քսան գյուղացի, մի քանի հոգևորական և մոտ հիսուն որբ երեխա: Թուրքական կառավարությունը տեղեկանում է, որ հայդուկներ են հավաքվել Առաքելոց վանքում և շուտով Ֆերիք Մուհամմեդ-Ալի փաշայի հրամանատարությամբ 4000-անոց մի զորք շրջապատում է վանքը: Տասն օր հայ քաջերը հաջողությամբ ետ են շպրտում թուրքերի բոլոր գրոհները: 11-րդ օրը կառավարությունը փորձում է բանակցություններ սկսել Մշո թեմի հոգևոր առաջնորդ Խոսրով վարդապետի և Առաքելոց վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի միջնորդությամբ՝ հայտնելով, որ անգամ պատրաստ են որոշ զիջումների գնալ: Կռիվը դադարեցնելու համար հայդուկները պայմաններ են թելադրում՝
ա) ազատ արձակել քաղբանտարկյալներին,
բ) պատժել Սասունի և Մուշի գյուղերն ավերողներին և փոխհատուցել հայերին,
գ) բարելավել հարկահանության վիճակը:
Թուրքական կառավարությունը հրաժարվում է բավարարել այս պայմանները և փորձում է խաբեությամբ ձերբակալել կամ կոտորել նրանց: Սակայն կռվի 21-րդ գիշերը հայդուկները, ծածկված սպիտակ սավաններով, ձյան ու բքի պայմաններում դուրս են գալիս Առաքելոց վանքից և աննկատ հեռանում: Առավոտյան Ֆերիք Մուհամմեդ-Ալի փաշան զարմանքով է տեսնում, որ վանքի դռները բաց են: Մի քանի հոգու հետ վազում է ներս և տեսնում, որ այնտեղ միայն հոգևորականներն են և որբերը: Ասում են՝ ամոթահար փաշան չի թաքցրել իր հիացմունքը հայդուկների հանդգնության և ճարպկության հանդեպ:
Առաքելոց վանքի կռվում զոհվել էր երկու հայ հայդուկ, իսկ թուրքերից՝ յոթը: Եվս մի քանիսն էլ ցրտահարվել էին: Առաքելոց վանքի կռվից հետո ոգևորություն տարածվեց Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, իսկ հայդուկներին ամենուր դիմավորում էին խանդավառությամբ և պատրաստ աջակցելու նրանց գործին, ինչը նույնպես իր արձագանքն է գտել այս երգում:
Նրանում Կովկասի քաջերին կոչ է արվում գնալ Մուշ – Սասուն, որտեղ մեր քույր-եղբայրները մեզ են սպասում: Այնտեղ Անդրանիկն արդեն պայքար է մղում հայ ժողովրդի դահիճների դեմ և պետք է խմբեր կազմած նրան օգնության հասնել: Երգի քառատողերից մեկում կոչ է արվում հայ տիկնանց ու օրիորդաց՝ ծախել զարդերը և փամփուշտներ գնել: Միևնույնն է, թուրքահպատակի վիճակը թույլ չէր տալու ազատորեն կրել այդ զարդերը, քանզի թուրքերը կամ քրդերը կարող էին մի օր կողոպտել, մինչդեռ դրանց արժեքով կարելի էր ձեռք բերել մեծ թվով զենք և զինամթերք, պայքարել՝ թուրքական կառավարության դեմ և արդեն ազատություն նվաճելով՝ արարել նյութական ու հոգևոր արժեքներ ու անվախ կրել դրանք:
Ապա լիահույս կերպով երգվում է, որ մոտ է գարունը, որի համար խավարի դեմ պատերազմի է ելել Անդրանիկը: Իսկ սարսափած սուլթանը, ճարը կտրած հազար ոսկի է խոստացել նրան, ով իրեն կտանի Անդրանիկի գլուխը: