ՄՀԵՐ ՋՈՒԼՀԱՃՅԱՆ
ՄՀԵՐ ՋՈՒԼՀԱՃՅԱՆ
Խաղաղ կեանքը փուշ թուեցաւ Մհերին,
Թողաց տուն—տեղ գնաց երկիր հայրենի,
Ո՛չ ընտանիք, ո՛չ հարազատ սիրելի,
Աչքն էր յարած միայն անտէր Արցախին։
Սասնայ զաւակ Մհեր սուրաց Մարտունի,
Ուր ապրելու լոկ հայն իրաւունք ունի,
Առիւծ Մհեր Մարաթուկէն կը կանչէր,
Հասիր որդի, իմ շառաւիղ Քաջ Մհեր։
Դուն մերժեցիր ‘առքն ու վայելքն աշխարհի,
Գացիր այնտեղ, ուր ո՛չ ծա’ կար, ո՛չ ոսկի,
Կորսուած հողին, դատին պաշտպան Ֆետայի,
Կեանքդ կանաչ մատաղ տուիր Արցախին։
Մհեր անվախ, Սասնայ որդի ջան Ֆետա՛,
Քեզի համար երբէ՛ք, երբէ՛ք մահ չկայ,
Դուն կը մնաս երիտասարդ ու արի,
Յուշդ բարի մեզ հետ յաւէտ պիտ՚ ապրի։
Շահե Սեկայան – Մհեր Ջուլհաճյանի հիշատակին
Գառնիկ Սարգսյան – Մհեր Ջուլհաճյանի հիշատակին
Մհեր Ջուլհաճյան
Մհեր Արամի Ջուլհաճյան, (նոյեմբերի 28, 1967 Բեյրութ, Լիբանան – օգոստոսի 23, 1993 Մարտունու շրջան, Արցախ), սփյուռքահայ ազատամարտիկ:
Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:
1978 թվականին Մհեր Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը: Միջնակարգ և երկրորդական ուսումը շարունակել է Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում։
1984 թվականին անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճյուղին։ 1986 թվականի փետրվարին ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին։
1989 թվականի դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական և նույն թվականին էլ նշանակվել ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991 թվականի մարտ ամիսը։ 1990 թվականի հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը։
1990 թվականի սկզբից մինչև 1992 թվականի հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չաթալպաշյան և Գերմանական երկրորդական վարժարաններում։ Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում։
1992 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Հայաստան: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին:
Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան) ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ Նկարահանվել է ֆիլմ՝ նվիրված Մհեր Ջուլհաճյանին և կրում է «Մհեր» վերնագիրը։