ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գնում ենք, բայց նորից ենք գալու,
Գալու ենք ձեզ նորից տեսնելու,
Գալու ենք ձեզ նորից սիրելու,
Քո հոգուն, քո սրտին փարվելու։
Եղել ես մեզ համար լույս երազ,
Փարվել ես մշուշին ու միշտ կաս,
Եղել ես, մնում ես միշտ անհաս,
Իմ Մոնթե՛, իմ Ավո՛, մեր հերո՛ս։
Ես տեսա Ավոյի պատկերը,
Ապրեցի բեկորի վերքերը,
Ես տեսա Շուշիի բերդերը,
Քո հոգու, քո սրտի վերքերը։
Եղել ես մեզ համար լույս երազ,
Փարվել ես մշուշին ու միշտ կաս,
Եղել ես, մնում ես միշտ անհաս,
Իմ Մոնթե՛, իմ Ավո՛, մեր հերո՛ս։
Մոնթե Մելքոնյան
Մոնթե Չարլզի Մելքոնյան (Ավո), արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։
Մոնթեն ծնվել է 1957 թ.-ի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Ծնողների հետ 15-ամյա տղան ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը…
1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1978թ. ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար:
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:
1989 թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թ.-ին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էր հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո անվանումը։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
1991 թվականաի օգոստոսի 3-ին Գեղարդում Մոնթեն ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։
Առաջին անգամ երբ հանդիպել են, այդ ժամանակ Սեդան 15 տարեկան էր և աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը:
Մոնթեն Սեդային սիրում էր իր բնական կերպարով՝ առանց հարդարանքի, արդուզարդի և պճնանքի: Մի անգամ Սեդան քրոջ խորհրդով կարմրաներկ էր քսել այտերին, Մոնթեն զարմացած ու շփոթված նայել էր՝ չհասկանալով, թե ի՞նչ է կնոջ այտերին: Նույնիսկ ականջօղ չէր կախում, ականջները ծակված չեն՝ Մոնթեն էլ չէր քաջալերում ծակել ականջները, կրում է միայն ժամացույց և ամուսնական մատանին. «Իմ ծննդյան օրը ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով»,-ասում է Սեդա Մելքոնյանը:
ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
Մոնթեն ասում էր.
«Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»: