ՄՈՐ ԵՐԳԸ ԶԻՆՎՈՐԻՆ
ՄՈՐ ԵՐԳԸ ԶԻՆՎՈՐԻՆ
Խոսք` Անդրանիկ Գևորգյան
Երաժ` Հեղինե Ղուկասյան
Կարմրում էր «Սև այգին» արյամբ այգեպանների
Գոռս էլ, որդիս մեջն էր պահապանների։
Գառ խոստացա մատաղի կռվից հետո կատաղի
Որ ուղարկեմ Մատաղիս զինվոր իմ տղիս։
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
Բայց որդիս գառի դերն առավ։
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
Բայց որդիս ա՜խ էլ ետ չեկավ:
Կարմրում էր «Սև այգին» արյամբ այգեպանների
Գոռս էլ, որդիս մեջն էր պահապանների։
Հացը հասավ տղերքին լուրը հասավ ամենքին
Ձայնը հասավ ականջիս որ զոհ դարձավ Որդիս։
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
Բայց որդիս գառի դերն առավ։
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
Բայց որդիս ա՜խ էլ ետ չեկավ:
Դեռ կա գառը մատաղի կռվից հետո կատաղի
Որ խոստացա իմ տղիս կուղարկեմ Մատաղիս։
Խոստացածս ես կանեմ պատերազմ է դեռ քանի
Գառը մատղեմ, կուղարկեմ որդիս,ո՞վ տանի։
Հաց կհասնի տղերքին չէ որ ունես դու եղբայր
Մահ կտանի թուրքերին ինձ պես ամեն որդու մայր…
Նարե Գևորգյան – Մոր երգը զինվորին
ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Գոռ Կարապետի Կիրակոսյան` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
2016 թ-ի նոյեմբերի 22-ին Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվել է Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար:
Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016թ-ի հուլիսի 7-ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ սնունդ հասցնելու ճանապարհին զոհվել է։
Գոռի մայրը՝ Գայանե Շահնազարյանը հարցազրույցներից մեկում պատմել է. «Զանգում էի, ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչը վերջանալու է, երկու բառ խոսելուց հետո սկսում էր երգել, կրակոցի ձայները ես լսում էի, իր երգով ուզում էր ինձ շեղել, որ չզգամ՝ ինչ ա կատարվում: Վերջին զրույցը եղել է իր մահացած օրը: Առավոտյան ժամը 7-ին զանգահարեցի, հարցրեցի ինչ ես անում, ասաց՝ մամ ջան, սուրճ եմ խմում, հետո էրեխեքին հաց եմ տանելու, մի ժամից հետո հետ կգամ ու կզանգեմ: Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց՝ մա՛մ, շտապում եմ, էրեխեքին հաց եմ տանում: Հարցրեցի՝ Գոռ ջան, հաց կերել ես, ասեց՝ չէ մամ, էրեխեքին հաց տանեմ հետո կգամ կուտեմ: Սպասի մի ժամից կզանգեմ: Սպասեցի մեկ ժամ, երկու ժամ, զանգ չեկավ, հետո անհասանելի էր…»:
Գոռի հարազատներին նրա ծառայակից ընկերները պատմել են, որ քառօրյայի ժամանակ գիշեր-ցերեկ օգնության է հասել դիրքերի տղաներին: «Բայց մեզ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Գոռը վախ չուներ ու գիտակցաբար էլ գնաց այդ քայլին»,- պատմել են նրա հարազատները: