ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
Խանասորի մեծ խոյանքի *** դու պանծալի
Ստրկության շղթան քանդող կարմիր դրոշ մեր սխրալի,
Քրդերի դեմ պողպատ բազուկ, անշեղ դու զարկ, ջան ֆեդայի
Շանթի ծնունդ, մարտի սերունդ, կամսարաթև Նիկոլ Դուման:
Հայ մայրերը կանաչ պսակ դրին ճակտիդ, երկաթ մեջքիդ,
Հոգիիդ մեջ ձայն հայրենյաց, մոսին` ուսիդ, վրեժ սրտիդ,
Աչքերիդ մեջ անմահության կարոտ դարձած տունը երկրի,
Շանթի ծնունդ, մարտի սերունդ կամսարաթև Նիկոլ Դուման:
Թող քո փառքը թռչի հավետ, Շուշիից Վան, ու Երևան,
Քո շքերթը մեզ շաղկապի, *** մինչև Սևան,
Ոսոխի դեմ ահ ու սարսափ, հայրենիքի անխոնջ պաշտպան,
Դաշնակցության հերոս զավակ, արցախացի Նիկոլ Դուման:
Ներսիկ Իսպիրյան – Նիկոլ Դուման
Նիկոլ Դուման
Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։
Նիկոլ Դումանը ծնվել է 1867, գ. Ղշլաղում (այժմ՝ գ. Ծաղկաշատ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896թթ.՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894-1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904 թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։
1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1909 թվականին անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու (Արշակ Գավաֆյան) հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում։
1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։
Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։
1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջիվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ մեկտեղ։