ՍԱՍՈՒՆՑԻ
ՍԱՍՈՒՆՑԻ
Երգի հեղինակ բանահավաք Գուսան Ժորա (վերին Սասնաշեն)
(Դանդաղ հատված)
Հեյ, Սասնու սարեր մշուշ ին,
Սասնու գեղեր անուշ ին,
Վըր սարերուն սեր ու հավատ գը շնգեր
Մըջ այրերու հույսի օրրոց գօրորվեր:
Հեյ, Սասնու սարեր բարձրիգ ին,
Սասնու գեդեր քաղցրիկ ին:
Վըր սարերու ֆեդայու ձայն մոլորվե,
Վեր գեդերուն Դավթի ջաղաց գը զնգեր:
Հեյ, Սասնու սարեր ծաղիկ գար,
Սասնու սարեր տաղիկ գար,
Մըր որփերու արյուն երբեք չենք մոռնա,
Մըր գարոտ լը թույն ու վրեժ գդառնա:
Հեյ, գռիվ էղավ Սասունում,
Ավեր էղավ Սասունում:
Մեղուն ձաղգին, ձուգ մըջ ջրուն մոլորվել,
Բայց պապերը դեռ թոռներուն չեն պատմել:
(Խրոխտ հատված)
Շատախը և գավառները Սասունի
Վերածվեցին ավերակի արցունքի,
Տառապանքի ուղի անցար Սասունցի,
Շուն թուրքի դեմ ծնկի չեկար Սասունցի:
Կրկներգ.
Հեյ, Սասունցի ենք սասունցի
Սերունդնենք մեր պապերի
Եվ չենք փոխվի թեկուզ դարեր էլ անցնի
Ոչ մի երկիր մեր Սասունին չի հասնի:
Երբ պարում ես դու քո պարը Սասունցի
Հիացնում ես ողջ աշխարհը հասկացիր
Պարիր ուժգին թող որ ձայնդ շուտ հասնի
Շիրիմներին մեր պապերի Սասունի:
Կրկներգ.
Տառապանքի ուղի անցար Սասունցի
Թալինն ինչպես Սասուն դառնա հասկացիր
Թող լույս իջնի մեր պապերի շիրիմին
Որ շեն մնա օջախը մեր Սասունի:
Կրկներգ.
Աղասի Իսպիրյան – Սասունցի
Հատված «Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ազգագրական համութ»-ի մենահամերգից
Արմեն Մովսիսյան – Սասունցի
ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդային Հայաստանի տարիներին (1980-1988թթ) Թալինի գրեթե բոլոր գյուղերում, առանց կառավարությանը հարցնելու, գյուղացիները կանգնեցնում էին Անդրանիկի կիսանդրին։ Եվ դրանք իշխանության հարձակումներից պաշտպանելու համար գյուղերում կազմակերպվում էր «պահակություն» արձանների մոտ:
Մասունք ազգագրական խումբը իր հերթական ելույթն էր ունենում գյուղերից մեկում, որից հետո խմբի անդամներով որոշեցին այցի գնալ քիչ հեռու գտնվող Անդրանիկի նորաբաց կիսանդրուն: Պատանիներից մեկը` Արմենը, սկսեց երգել Զորավարին նվիրված երգեր, ապա նրան միացան խմբի մյուս անդամներն ու հավաքված հանրությունը: Հեռվում՝ ծառին հենված, մի ծերունի ուշադիր հետևում էր պատանու հրեղեն երգին: Քիչ անց խմբին միացավ նաև խմբի ղեկավարներից Գեղազնիկը: Ծերունին անմիջապես ճանաչեց Գեղազնիկին ( նրան բոլոր թալինցիներն էին ճանաչում ): Գեղազնիկը իր հերթին ճանաչեց ծերունուն՝ բանահավաք Ժորային: Աշուղը Գեղազնիկին և խմբի բոլոր անդամներին հրավիրեց իր օջախ, բայց քաղաքավարությունից դրդված գնացին միայն Գեղազնիկը, Արմենն ու Ռուդիկ Հարոյանը: Աշուղը ասեց, որ տպավորված է երիտասարդի երգով և որոշել է նրան նվիրել իր երգերից: Գեղազնիկը ուսումնասիրեց, ապա իրար միացրեց տարբեր արագությամբ երկու երգերը, իսկ բառերը փոքր-ինչ փոփոխության ենթարկվեցին։ Ու այսօր մենք արդեն ունենք երգի վերջնական տարբերակը:
Տեսահոլովակում երգող տղամարդը նույն պատանի Արմենն է, ով երգը նվեր ստացավ հեղինակից. ռազմի երգարանի ամենաոգեղեն գոհարներից մեկը: