ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ
ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ
Հեղինակ` Հայրիկ Ղազարյան
Մշակումը` Աշուղ Րաֆֆի
Հրով բռնկված Սասուն, Մուշն ու Վան,
Մի բուռ ֆիդայիք՝ նրանց դեմ սուլթան:
Գոռում էին գոչում՝ հանուն Հայաստան
Ազնիվ կորյուններ հասեք օգնության:
Կրկներգ
Սևքարի Սաքո, շուտ անցիր սահման,
Սասունն է կանչում, հասիր օգնության:
Ախ, Հայաստանը` կիսված, երկատված,
Բայց հայդուկները` թիկունքիդ կանգնած:
Արևմտյանը` հորդ արյան ծովում,
Հարս ու աղջիկներ մասին են բռնած:
Կրկներգ
Քեզ չի սասանի բանտ, կապանք, շղթան,
Ոչ էլ անօրեն ասկյարն ու սուլթան,
Հասիր Գևորգին, քաջ Անդրանիկին,
Արծվի պես սուրա դեպ Հին Հայաստան:
Կրկներգ
Արաբոն, Հրայր երկնքից կանչում,
Սերոբ Աղբյուրի վրեժն է տենչում:
Հարյուրմեկ տարվա վճիռդ ջնջիր,
Անհաղթ բազուկիդ հաղթ թուրն է շաչում:
Կրկներգ
Բավ է մնաս մեջ Մեթերհեմ բանտի,
Ել, որ հարվածդ ոսոխին շանթի,
Երկունք է բռնել բարձրավանդակը,
Գոռ փոթորիկը ուժգին թող պայթի:
Կրկներգ
Ով կտիճ հայեր քաջարի զենքով
Հավերժ անմահ է գործած սխրանքով
Օրհնությունս թող Ծովանյան տոհիմ
Որ քեզ ծնել է առյուծի ոգով:
Կրկներգ
Ով երգիչ Հայրիկ, քաջն իր զենքով,
Հավերժ անմահ է գործած սխրանքով,
Օրհնություն և փառք Ծովանյան տոհմին,
Որ քեզ սնել է առյուծի կաթով:
Կրկներգ
Ներսիկ Իսպիրյան – Սևքարի Սաքո
Մկրտիչ Մկրտչյան – Սևքարի Սաքո
https://www.youtube.com/watch?v=lhvl2ZiXbfI
ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ
Սևքարեցի Սաքո (Ծովանյան Սարգիս Սարիբեկի), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թվականին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին) մասնակցել է քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Որպես հեծյալ խմբի հրամանատար մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքին։ 1898 թվականին կուսակցական հանձնարարությամբ մի քանի ուղեկիցներով Կարսից անցել է Երկիր, սակյան, Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվել է։ Որպես Սբ. Կարապետ վանքի ուխտավոր ներկայանալու Սաքոյի բոլոր ճիգերն անցել են ապարդյուն։ Ի վերջո, հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի հետ ունեցած նամակագրական կապերի և այլնի համար թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն 1901 թվականին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ ակտիվորեն երկու կողմերում հանդես է եկել եղբայրության կոչերով։ 1907 թվականին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել 1905 թվականին սկսված Իրանական հեղափոխությանը։
Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիվանդացել է խոլերայով և մահացել։ Թաղվել է Երևանում՝ ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ 1938 թվականին խորհրդային իշխանության կողմից Սևքարեցի Սաքոյի գերեզմանը ավիրվել է: