ՏԱԼՎՈՐԻԿԻ ՔԱՅԼԵՐԳ
ԴԱԼՎՈՐԻԿՑԻ ԿՏՐԻՃ
Դալվորիկցի կտրիճ եմ խորթ,
Քաղքցու պես չեմ թուլամորթ,
Սարի զավակ, քարի որդի,
Հին քաջ Հայոց եմ մնացորդ:
Դալվորիկցի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհվիր թուրքի առաջ,
Քարոտ լեռանց ես ազատ լաճ,
Չեմ տեսեր ոʹչ արոր, ոʹչ մաճ:
Երբոր բացի աչքս այս աշխարհ,
Ազատ տեսա մեր սար ու քար,
Մինչև փակեմ աչքս ի խավար,
Պիտ չկոխե հոս ոտք օտար:
Իմ մամ ծնավ զիս պալու ծոց,
Ինձ ընկույզ կոճ մը եղավ օրրոց,
Տկլոզ ծնած, մենցած տկլոզ,
Դեմ արևու սաստիկ հողմոց:
Ոտքս բոբիկ, սիրտս միշտ բաց,
Ինչ փույթ թե քույրս ալ մերկ մնաց,
Ինձ մոտ մեկ է արև, բուք, ցուրտ,
Բավ` չէ իշխեր վրաս թուրք, քուրդ:
Իմ կյանքը խեղճ է և միշտ չարքաշ,
Փափուկ կյանքի վայելց չեմ վարժ,
Իմ բնակարանս է ապառաժ,
Գործս երկաթի հետ, ես ալ միշտ քաջ:
Թող այլք բնակին հովիտ ու դաշտ
Վատ անգութի հետ լինին հաշտ,
Ես պիտ մնամ միշտ աննվաճ,
Թե վրաս գա մի քսան վաշտ:
Ցորենի տեղ կուտեմ կորեկ,
Երկաթ ծեծեմ գիշեր-ցերեկ,
Շինեմ փետատ, խոպ, խարճկաթ,
Ծանր է դատումս, բայց եմ ազատ:
Հարստություն, ուսում, հանճար,
Պատիվ և փառք չեն ինձ համար,
Բավ է` ունիմ ճաք, թուր, խանճար,
Բավ` չի խրոխտար վրաս օտար:
Զենքս է միակ իմ խաղալիկ,
Կատեմ հանդարտ կյանք խաղալիկ,
Կը սիրեմ որս, կռիվ, ավար,
Կը սպասեմ` երբ ընկնի հավար:
Գիշեր զենքս վրաս քնեմ,
Երազիս մեջ կռիվ կենեմ,
Կռվել ինձ մոտ խաղալ է,
Կռվով մեռնել ինձ հալալ է:
Կռվի մեջ մեռավ իմ պապ,
Այդ կերպ մահն է անուշ մրափ,
Ես ալ կուզեմ մահը մեջ կռվի,
Որ իմ անունս անմահ գրվի:
Այս սարերը անմատչելի`
Իմ քաջ նախնիք երբ ընտրեցին,
Ըսին` ազատ որդոց որդի,
Քաջաց սերունդ թող հոս ապրի:
Եվ իմ խելոք ջոջպապ Հարե,
Աստված հոգին լուսավորե,
Ինձ կըսեր միշտ` աղքատ ապրե,
Բայց մի ծռե վիզ, հարկ մի վճարե:
Դալվորիկն է սև-սև սարեր,
Խոր, մութ ծործորք, սեպ-սեպ քարեր,
Վերև ջուխտակ ծեր Մարաթուն,
Հոգիս մատաղ մեր Մարաթուն:
Մեզմով պարծի այսօր Սասուն,
Մենք ենք խրախույս հայց նկուն,
Դալվորիկ սար ժեռոտ Զեյթուն
Տան իրարու ազատ ողջույն…
ՏԱԼՎՈՐԻԿԻ ՔԱՅԼԵՐԳ
Տալվորիկի զավակ եմ ղորդ,
Քաղքցու պես չեմ թուլամորթ,
Սարի զավակ, քարի որդի,
Հին քաջ հայոց եմ մնացորդ:
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր թուրքի առաջ,
Քարոտ լերանց եմ ազատ լաճ,
Չեմ տեսել ոչ արոր, ոչ մաճ:
Հայ աղբրդիք, վայ աղբրդիք,
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Ազատության սիրույն համար,
Եկեք դեպ ինձ, հառաջ, հառաջ:
Երբ իմ աչքերս բացի հաշխարհ,
Ազատ տեսա մեր սար ու քար,
Մինչ չփակեմ աչքս ի խավար,
Պիտ չկոխե հոս ոտք օտար:
Իմ մամ ծնավ զիս սարերու ծոց,
Ընկուզի կոճղ մը ինձ օրրոց,
Տկլոզ ծընա, մեծցա տկլոզ,
Կյանքիս բաժինն է կռիվ ու բոց:
Ոտքս բոպիկ, կուրծքս միշտ բաց,
Ինչ փույթ թէ քույրս ալ մերկ մնաց,
Ինձ մոտ մեկ է արև, փուք, ցուրտ,
Բավ է չիշխե հոս թուրէ ու քուրդ:
Իմ կյանքս խիստ է և չարքաշ,
Փափուկ կյանքի բնավ չեմ վարժ,
Բնակարանս է ապառաժ,
Ընկերս` մրրիկ ու երկրաշաժ:
Հարստություն, ուսու, հանճար,
Փառք ու պատիվ չեն ինձ համար,
Բավ է ունեմ տեգ, թուր, խանչար,
Բնավ չէ խրոխտար վրաս օտար:
Սիրած զենքերս չեմ ձգեր ձեռքես,
Առյուծն անվախ չէ ինձի պես,
Կը սիրեմ որս, կռիվ,ավար,
Կը սպասեմ երբ ընկնի հավար:
Թող Հայք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ ազգին հետ չըլինին հաշտ,
Ես պիտ մնամ միշտ աննվաճ,
Թեև վրաս գա քսան վաշտ:
Ցորենի տեղ կուտեմ կորեկ,
Երկաթ ծեծեմ գիշեր ցերեկ,
Շինեմ փետատ, խոփ, խաչերկաթ,
Ծանր է դատումս, բայց եմ ազատ:
Այծյամի պես կը ցատկոտեմ,
Առյուծի պես կը մռնչեմ,
Ծովի նման կը փրփրեմ,
Կայծակի պես կը հարվածեմ:
Կռվի դաշտը բաղդն է կյանքին,
Երբ կը ծագի արշալույսը,
Կամ ավետիս տա դրոշակին,
Կամ պաղ տեսնե քու երեսը:
Հավար ինկնի, երթամ հառաջ,
Սասնո լերինք հանեն հառաչ,
Հառաչ հանեն և ներկվին,
Յուր կտրիճի արյունով քաջ:
Կտրիճին սիրտ, կտրիճին ձեռք,
Ինչ փույթ քաջին համար մեկ վերք,
Մեկ հարվածին կուտաս հարյուր,
Ագռավին լեշ կանես հազեր:
ՏԱԼՎՈՐԻԿ
Տալվորիկի զավակ եմ ղորթ,
Քաղքցու պես չեմ թուլամորթ,
Սարի զավակ, քարի որդի,
Հին քաջ հայոց եմ մնացորդ:
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհի թուրքի առաջ,
Քարոտ լերանց եմ ազատ լաճ,
Չգիտեմ ոչ արոր ոչ մաճ:
Հայ աղբրդիք, ջան աղբրդիք,
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Ազատության սիրույն համար,
Եկեք դեպ ինձ հառաջ, հառաջ:
Երբ իմ աչերս բացի աշխարհ,
Ազատ տեսա մեր սար ու քար,
Մինչև փակեմ աչքս խավար,
Պիտ չկոխե հոս ոտք օտար:
Իմ մամ ծնավ չիս պալու ծոց,
Ընկուզի կոճղ եղավ օրրոց,
Տկլոզ ծնած մեծցած տկլոզ,
Կյանքիս բաժին է կռիվ ու բոց:
Թող այլք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ անգութին հետ լինին հաշտ,
Ես պիտի մնամ միշտ աննվաճ,
Թեև վրաս գա քսան վաշտ:
Իսկի չքաշեմ բանի կարոտ,
Քանի ունիմ գնդակ, վառոդ,
Ազատ կապրիմ մեռնիմ ազատ,
Սասնո որդին եմ հարազատ:
Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե,
Աստված հոգին լուսավորե,
Ինձ կսեր միշտ աղքատ ապրե,
Բայց մի ծռե վիզ, հարկ մի վճարե:
Սակայն միթե կրնա աղքատ,
Կոչվիլ այն մարդ որն է ազատ,
Մի թե կա բան ավելի թանկ,
Քան անիշխան և ազատ կյանք:
ՍԱՍՆՈ ԵՐԳԸ
Սասնո լեռներ որոտացին
Լսեց խնդաց քաջ Զեյթունցին,
Թե այս երկու սև սարերենն,
Պիտ ազատի հայն յուր լուծեն:
Տալվորիկցի կտրիճ եմ խորթ,
Քաղքցու պես չեմ թուլամորթ,
Սարի զավակ, քարի որդի,
Հին քաջ հայոց եմ մնացորդ:
Մեր հարց արուն վրեժ կը գոչե,
Վրեժ կը գոռան շերմաց խորեն,
Հառաջ, հառաջ, օն եղբայրներ,
Հապոն հառաջ, օն հայ քաջեր:
Ակունք – Տալվորիկի զավակ եմ
Ներսիկ Իսպիրյան – Տալվորիկի զավակ եմ
Հայրենիքի պաշտպանները երգերում ներկայացվում են իբրև անձնազոհ, խիզախ, արիասիրրտ հերոս անհատներ: Ըստ որում այդ անհատները կոչվում են ուղղակի սասունցի, ներկայացնում են ավելի շատ սասունցու հավաքական, ազգագրական կերպար, քան որևէ իրական պատմական անձնավորություն: Այդ առումով ուշագրավ է «Տալվորիկցի կտրիճ» երգը: Երգի սկզբնօրինակի հեղինակը Մ.Տամատյանն է: Ի տարբերություն Սասնո տեղական ռազմի երգերի, այս ստեղծագործությունն ունեցել է համազգային գործածություն և ընդհանուր պատմական հիմք երգի լեզուն արևմտահայ գրականն է, համեմված Սասնո բարբառին հատուկ որոշ արտահայտություններով: Երգի վերնագրի ընտրությունը` «Տալվորիկցի կտրիճ», պատահական չէ. Տալվորիկ սարը Սասնո լեռներից ամենաանառիկն է, տալվորիկցիները` ամենաըմբոստներն ու ամենաքաջը` սասունցիների մեջ: Վտանգի պահին Տալվորիկի անմատչելի այրերում էին ապաստան գտնում սասունցիները:
«Տալվորիկցի կտրիճը» քաջության, հերոսության ու ազատության հիմն է: Երգը ներկայացնում է այն բնական, հասարակական ու կենցաղային պայմանները, որոնցում ծնվում, սնվում ու հասակ է առնում տալվորիկցի կտրիճը, որոնք նպաստում են նրա` իբրև կտրիճ տղամարդու, անհատի կազմավորմանը: Տալվորիկցին սովոր է չարքաշ կյանքի, նրա համար հարստությունն ու վայելքները արժեք չունեն: Նա ռազմիկ է մանկուց, զենք գործածել սովորելը նրա համար ինքնանպատակ րէ, ազատ ապրել, ազատ մեռնել, ահա տալվորիկցու բաղձանքը:
Երբոր բացի աչքս լույս աշխարհ,
Ազատ տեսա մեր սար ու քար.
Մինչէ փակեմ աչքս ի խավար,
Պիտի չկոխե հոս ոտք օտար:
Երգի մի շարք տարբերակներն ունեն կրկնվող տուն, որը կոչվում է հորդորակ և որն արտահայտում է պայքարի հորդոր, համախմբվելու կոչ.
Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Ազատության սիրույն համար
Եկեք դեպ ինձ, Հառաջ, Հառաջ:
Որոշ տարբերակներում առկա Զեյթունին վերաբերվող տողերը բացահայտում են սասունցիների համերաշխությունը Զեյթունի հետ իբրև ազգային-ազատագրական խայքարի օջախ:
1 Response
[…] այստեղ և […]