Թովմաս Պողոսյան
Թովմաս Պողոսյան
Թովմաս Գևորգի Պողոսյան, ՀՀ ժողովրդական արտիստ (2011), բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ով հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական և աշուղական երգերի կատարող, այլ նաև որպես մի շարք մոռացմանը ենթակա երգերի փրկիչ, բանահավաք, մանկավարժ:
Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկական դպրոցը։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973), ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1977), 1980-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դասարանում։
1971-1972 թթ. Աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։ 1973-1974 թթ. Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսմանը զուգընթաց երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։ 1973-1977թթ.՝ Վանաձորի «Հորովել», 1980 թվականից՝ հայկ. ժող. երգի-պարի համույթների մեներգիչ,1987-1992 թթ.՝ «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը (1992), համանուն մշակութային միությունը (1995), Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997)։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։ 1980-2000 թթ. եղել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի մեներգիչ։ 1987-1992 թթ. հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։ 1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում որպես տեքստաբան-դասախոս, իսկ 1995 թվականից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»: 1992 թվականից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։
Թովմաս Պողոսյանը կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ և նվիրյալ արվեստագետ է՝ առավելապես հայ աշուղական երգի ասպարեզում։ Հասարակությունը, ժողովուդը գիտի, ճանաչում և սիրում է նրա երգը։ Սերունդները դեռ շատ երկար կլսեն նրա հրաշալի ձայնը և մատուցման բարձրաճաշակ, հայեցի երգեցողությունը։