ՎԱՀԱՆԻՆ
ՎԱՀԱՆԻ ԵՐԳԸ
Անրոք, Ծովասար, Գեբին էր ուսին,
Նորեն գոռացին դեմ վատ թուրքերին,
Մի օր քրտախառն հայոց գյուղերը,
Վահան փաշային տալիս են ողջույն:
Առավոտ կանուխ, երբ որ արթնացավ,
Չորս հազար զորքով պաշարված տեսավ,
Որոնց դեմ երեսուն քաջերով միայն,
Արձակ համարձակ կռվիլ սկսավ:
Այնտեղան թուրքեր վախցան գոռացին,
Յաման ջան Ֆետա ղուրբան ձեր ոտքին,
Խնայեցեք մեզ պատիվ Վահանին,
Թողեք որ ապրինք, ներքև ձեր հարկին:
Թուրքեր սարափած ի փախուստ դարձան,
Իննսուն զոհ տվին շատ մը հրացան,
Շուտ ըրեք ըսին փախչինք ահա հասան,
Գևորգն արնահեղ, Անդրանիկ փաշան:
Մուրադ – Վահանին
Վահան Մանվելյան
(Կարապետ Տողրամաճյան)
Վահան Մանվելյանը հայ ժողովրդի Ազատության Ճանապարհին ընկավ 110 տարի առաջ մայիսի 16-ին։
Հայկական Ազատամարտի անձնվեր, գաղափարապաշտ ու հերոսատիպ ֆիդայիների ղեկավարներից էր Վահան Մանվելյանը, ով անմահացավ Սասնո 1904 թվականի Ապստամբության ժամանակ իր ունեցած վճռորոշ դերակատարությամբ։
Ծնվել է Մարմարա ծովի ափին՝ Իզմիթ քաղաքի հայաշատ Մեծ Նորգյուղ թաղամասում, ենթադրաբար 1870 թվականին։1890-ական թվականների սկզբերին այս հայ երիտասարդը՝ Վահան Մանվելյանը, կանգնեց պայքարի առաջապահ դիրքերում՝ իբրև նորակազմ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդուգն գործիչներից մեկը։
1893-1894 թթ.-ին պոլսահայ վարժարաններում ուսուցչական իր ծառայության ժամանակ, Վահանն անմիջական գործընկերը դարձավ Արշակ Վռամյանի և Բաբկեն Սյունիի՝ ամուր հիմքեր դնելով Դաշնակցության Պոլսի կազմակերպության։ Գաղափարական իր հարուստ պաշարով, կազմակերպչական տաղանդով և հեղափոխականի խիզախությամբ, Վահանը միանգամից պատասխանատու դերակատարություն ունեցավ ազատագրական շարժման առաջխաղացման ժամանակ։
Համիդյան լայնատարած կոտորածներն էին այդ ծանր ժամանակաշրջանում, երբ Վռամյանի, Բաբկենի և Վահանի գլխավորությամբ Դաշնակցության Պոլսի Կոմիտեն ժողովրդի բողոքի մեծ ցույցեր կազմակերպեց՝ հայկական նահանգների տարածքին կոտորվող հայությանն աջակցելու նպատակով։
Բանկ Օտոմանի գրավումից հետո, Վահանը պարտավորվեց հեռանալ Պոլսից, ուր ամենօրյա հետապնդման տակ էր թրքական ոստիկանության կողմից։ Անցավ Բուլղարիա, ուր 1896-ից մինչև 1899-ը Վառնայում հայկական վարժարանների հաստատման և այնտեղ իբրև ուսուցիչ իր ծառայության կողքին, Վահանը աշխույժ գործունեություն ծավալեց՝ պանդուխտ հայ երիտասարդներին ազգային-հեղափոխական գաղափարներով ոգևորելու և դեպի իրենց Երկիր մղելու ուղղությամբ։ «Շարժում» թերթի հիմնադիրներից և կանոնավոր աշխատակիցներից մեկը եղավ, որտեղ լույս տեսած իր հոդվածներն ուղղեց Հայկական Հարցի և հայ ազգային-ազատագրական շարժման քաղաքական ու գաղափարական ծալքերի ու առաջադրանքների վերաբերյալ։
1899-ին Վահանն ընտրվեց «Դաշնակցության Կամքը» ներկայացնող պատասխանատու մարմնի անդամ: Ռոստոմի հանձնարարությամբ 1900-ին անցավ Կովկաս։ Կարճատև գործունեություն ունեցավ Թիֆլիսի մեջ, որն այդ շրջանում Դեպի Երկիր զենք, զինամթերք ու մարտիկ ուղարկելու գլխավոր կենտրոնն էր։ Վահանը 1901-ին եկավ Երկիր։ Նախ՝ Վանի շրջանում գործեց, ապա Նիկոլ Դումանի կողքին։ Հետո Դաշնակցության լիազոր ներկայացուցիչի առաքելությամբ, անցավ Սասուն, ուր ֆիդայական շարժումը մեծ ծավալ էր ստացել:
Վահան Մանվելյանը, Սասնո և Մուշի հեղափոխական կազմակերպության ընդհանուր ղեկավարությունը իր վրա վերցնելով, ավելի քան երկու տարի նախապատրաստական մեծ աշխատանք տարավ, որպեսզի ամբողջ շրջանը կարողանար դիմագրավել Համիդի հայաջնջման ջարդարար ծրագրերին։
Սասնո հայության 1904-ին մղած հերոսական կռիվները եղան դափնեպսակը Վահանի հեղափոխական վաստակի։ Անձնվեր ու արժանավոր այս հայորդին, գաղափարական իր հմայքով ու կազմակերպչական տաղանդով, վստահության առանցքը դարձավ թե՛ խրոխտ Սասունի մեր ժողովրդի, թե՛ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված անխտիր բոլոր ֆիդայինների և մարտիկների։