ՑՈՒԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՑՈՒԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երաժշտություն` Դավիթ Ամալյանի
խոսք` Սուսաննա Ենգիբարյանի
Տագնապ լեռների և թախծոտ մտքեր
Խուժել են սիրտը խոհուն մայրերի
Նրանց որդիները Մատաղիսի մոտ
Հիմա կռվում են արյան սուրբ կանչով
Որքան որ լացի մոր սիրտը սպասող
Իմ սերն օրհնյալ է աստված պահապան
Առյուծ եմ ծնել փառքով կռվելու
ԵՎ հաղթանակած վերադառնալու
Փոշոտ ամպերը արծվի թև առած
Գոռում ավետում մոր սիրտը սառած
Դղրդաց սարը թափվեց արյունը
Պայթունից զոհվեց առնական Ցուլը
Հերոսի երկիր չքնաղ Հայաստան
Փառքով ծնել ես հզոր Ցուլ Արման
Փառք մեր քաջերն, հայ մարտիկներին
Ոսոխին հաղթած առնական Ցուլին
Մկրտիչ Մկրտչյան – Ցուլի հիշատակին
Լեյլա Սարիբեկյան – Ցուլի հիշատակին
Արցախյան ազատամարտի օրերին քաջ որդուն` Արման Զոհրաբյանի կռվի ճամփելուց հետո, մայրը` Սուսաննա ենգիբարյանը գրում է այս երգի առաջին 2 տունը, որոնք լեցուն են հույսով ու սպասումով, գրում է նաև հաջորդ երկու տունը, բայց արդեն որդու հերոսական նահատակությունից հետո, այրդեն այլ բառերով ու հույզերով:
Նվիրվում է ազատամարտիկ Արման Զոհրաբյանի (Ցուլ) հիշատակին.
ԱՐՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՑՈՒԼ
1974 թ. սեպտեմբերի 16-ին շինարար Վալիկո Զոհրաբյանի և հոգեբան-մանկավարժ Սուսաննա Ենգիբարյանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը` Արմանը: Ընտանիքի փոքր ու չարաճճի զավակն էր, բայց Նունե քրոջ ասելով՝ այնքան համով, որ բոլորն են սիրել` բարեկամներից սկսած ու հարևաններով վերջացրած: Նաև այնքան առույգ ու չարաճճի, որ «Մաուգլի» են անվանել, իսկ դպրոցում` «Ցուլ» իր թիկնեղ, պինդ ու ֆիզիկապես կոփված լինելու համար: Ավարտել է մայրաքաղաքի թիվ125 դպրոցը, քիչումիչ զբաղվել կինոյով: Ուզում էր ֆիլմ, տեսահոլովակներ նկարել: «Հայֆիլմ» կինոստուդիա էր հաճախում: Ու մինչ անվանի շինարար Վալիկո հայրը որդուն Լենինգրադ կրթության ուղարկելու պլաններ էր մշակում, որդին այլ ճանապարհ ընտրեց:
1989-ից անդամագրվեց «Ազգային լեգեոն» կամավորական ջոկատին կից մարմնակրթական երիտասարդական միության կրտսերների ջոկատին, որի անդամները հիմնականում քանդակագործ, նկարիչ, երաժիշտ երեխաներ էին, ինչպես, օրինակ՝ նկարիչ Մկրտիչ Տոնոյանը, երաժիշտ Դավիթ Ամալյանը: Իսկ հրամանատարը մասիսցի Լյովան էր:
Ոչ միայն չհասցրեց կրթություն ստանալ, այլև անձնական կյանքը դասավորել, ընտանիք ունենալ, որովհետև շարժման առաջին իսկ օրից սահմանների պաշտպանության գործին նվիրվեց կամավոր:
1992-ին մասնակցեց Բալուջայի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև՝ Խոջալուի ազատագրմանը, մայիսի 5-ից հունիսի 19-ը՝ Շուռնուխի ուղղությամբ մղվող պաշտպանական մարտերին: Իսկ նույն թվականի հոկտեմբերից-դեկտեմբեր` «Արծիվ» գումարտակի հետ Քաշաթաղի շրջանի (Լաչինի միջանցք) հարավային թևի (Գյուլիբերդ, Ղուշչուլար, Սաֆյան) ուղղություններում մղվող ինքնապաշտպանական գործողություններին մասնակցեց, ավելի ուշ` 1993 թ. հուվարի 7-27-ը` նույն շրջանի Մալխալավ գյուղի ինքնապաշտպանությանը:
Երբ տևական բացակայությունից հետո ուշ գիշերով հոգնած տուն էր գալիս, անլույս տարիներն էին, սուսուփուս անկողին էր մտնում, որ տնեցիներին չարթնացնի, բայց դա երբեք չէր վրիպում կարոտաբաղձ մոր ու քրոջ ուշադրությունից: Ստիպողաբար այնքան էին պաչպչում, որ հոգին հանում էին: Միայն առավոտյան էին տեսնում, թե որքան մրոտ, կեղտոտ է իրենց փոքրիկ զինվորը դիրքերից իջել: Ի դեպ, ոչ միայն Արմանը, այլև «Ճտերի» ջոկատի բոլոր անդամները (հաճախ նաև այդպես էին նրանց անվանում շրջապատում) երկաթյա մի սկզբունք ունեին` զենքով ու զինվորական հագուստով ոչ միայն տուն չգալ, այլև քաղաք դուրս չգալ: Ջոկատ, որ միշտ իր առաջադրանքը պատվով է կատարել: Իսկ նկարիչ Մկրտիչ Տոնոյանն էլ հպարտությամբ հիշում է, որ Կովսականի (Կուբաթլի) շրջանի Սեյդար գյուղն ազատագրել են առանց զոհերի:
Բայց 1992-ի ամառը, ինչպես ասում են, սև տարի եղավ Մարտակերտի համար: Երբ հուլիսի 4-ին տեղահանվեցին ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչներն ու վերին գյուղերը բարձրացան, ինքնապաշտպանական շատ ջոկատներ Մարտակերտի գյուղերը պահելու փորձ արեցին:
Հետևաբար, 1992 թ. հուլիս-օգոստոսին Արմանը նույնպես մասնակցեց շրջանի Մոխրաթաղ, Հոռաթաղ, Հակոբ-Կամարի, Տոնաշեն, Թալիշ, Մադաղիս գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Բայց, ցավոք, այդ գյուղերն ընկան` սպասելով իրենց աստեղային ժամին: Լավ է, որ այդ ժամը շատ չուշացավ: Իսկ ավելի ստույգ` 1993-ի ձմռանից Մարտակերտի շատ գյուղեր մեկիկ-մեկիկ ազատագրվեցին թուրք խուժանից:
Արմանի ծնողները երբեք որդուն կռվից հետ պահելու փորձ չեն արել, ոչ էլ երկրից են փախցրել, բայց ներքին տագնապ, այնուամենայնիվ, ապրել են: Եվ դա բնական է: Արմանն էլ գաղտնապահ զինվոր էր, ռազմի դաշտից, զինվորական կյանքից, մարտադաշտի իրադարձություններից տանը ոչինչ չէր պատմում: Իսկ երբ ընկերներով տուն էին գալիս, այլ բաներից էին խոսում, ծիծաղում, կատակներ անում, ու տեսնողը կմտածեր՝ տղաները ոչ թե մարտի դաշտից են եկել, այլ քեֆ- ուրախությունից: Չէր կիսվում նաև քրոջ հետ, որի հետ շատ մտերիմ էր, բայց քրոջն ի վերջո հաջողվեց իմանալ, որ եղբայրը նռնականետ է աշխատացնում, որ նրա արձակած կրակը միշտ դիպուկ է եղել:
1994-ի ապրիլը կրկին թակեց մարտակերտցու դուռը և իրադարձային դարձավ, որովհետև վերջին շնչով գոնե ազատագրվեցին Մադաղիսն ու Թալիշը:
Թշնամին քաջ գիտակցում էր իր «ավարի» գինը, հետևաբար, մեծ ուժ էր կենտրոնացրել: Դժվարին, ծանր օրեր ու մարտեր էին սպասվում:
Ապրիլի 11-ի լուսադեմին Զոհրաբյանների տանը հնչած հեռախոսազանգը գուժեց, որ Արմանը վիրավորվել է: Երբ տնեցիք մայրաքաղաքի հոսպիտալ շտապեցին, պարզվեց, որ վիրավորը ոչ թե Արմանն է, այլ ընկերը` Արտեմ Պողոսյանը, որի աջ ոտքը ծնկից ներքև կտրվել էր: Պարզվում է, երբ Արտեմը ուշքի է գալիս, շարունակ Արմանի անունն է տալիս: Բժիշկներն էլ կարծում են՝ վիրավորը Արմանն է:
Ի՞նչ էր կատարվել դրանից առաջ: Մադաղիսի կենաց-մահու մարտում վիրավորների թիվը գնալով շատանում էր: Վիրավորներ տեղափոխող ՈՒԱԶ-ը ստիպված էր 8 ուղևորով 3-րդ ուղերթը կատարել: Երբ Արտեմը փորձել է վարորդի կողքին նստել, Արմանը նրան իջեցրել է՝ ասելով. «Դու քո մոր միակ տղան ես, գնա հետևում նստի»: Փաստորեն, 3-րդ ուղերթը ճակատագրական է լինում ոչ միայն Արմանի, այլև 3 զինվորի համար: Ճանապարհին մեքենան հայտնվում է ականի վրա և պայթում:
Մարտական ընկերոջ կորուստը մեծ էր ու ծանր: Զինվորական փառքով հուղարկավորելով Եռաբլուրում` երդվում են, որ Արմանի վրեժը պարտադիր կլուծեն: Իսկ լուծումն այդ, անշուշտ, Մադաղիսի ազատագրումը եղավ:
Տարիներն անցան, բայց մայրը` տիկին Սուսանան էլ ձեռքերը ծալած չնստեց: Քանաքեռ-Զեյթուն համայնքի վիրավոր ազատամարտիկների մայրերին օգնող հասարակական կազմակերպություն հիմնեց` իր շուրջը հավաքելով իրենց համայնքի 64 որդեկորույս ընտանիքների: Բանաստեղծություններ գրեց, որոնց բառերի հիման վրա Դավիթ Ամալյանը Արմանին նվիրված երկու երգ («Ճախրիր իմ արծիվ» և «Ցուլի երգը») գրեց: Բայց մոր սիրտը երկար չդիմացավ, երկու տարի առաջ ճաք տվեց…
22 տարի է անցել Արմանի զոհվելուց, բայց այսօր շատերն են հիշում: Մայրաքաղաքի թիվ 50 դպրոցի ռազմագիտության կաբինետն ու մի դասարան Արմանի անունն են կրում, դպրոցի միջանցքում ընկերների և ընտանիքի միջոցներով խաչքար է տեղադրվել: Նրան չեն մոռացել նաև Մադաղիսում, ուր երկու անգամ ուխտագնացության են մեկնել:
Հայրը` Վալիկո Զոհրաբյանը, այսօր ցավով է նշում, որ որդուն լավ չի ճանաչել, որ նրան առավել բացահայտեց, երբ Մադաղիս գնաց, հանդիպեց, զրուցեց տղային ճանաչողների հետ: Նոր միայն հասկացավ իր տղայի մեծությունը, մարդասիրությունը, որին Մադաղիսում խաղաղության դրոշակակիր էին կոչում:
Վալիկո Զոհրաբյանը օրն անց է կացնում տղայի, հիմա արդեն նաև կնոջ նկարների հետ զրուցելով: Դստեր հետ ապրում է մեկսենյականոց բնակարանում: Մեծ տղան հաճախ է ստիպում իր մոտ տեղափոխվել, բայց հրաժարվում է: «Թեև ասում են, որ տղամարդը չի լացում, բայց ես իմ տանը հաճախ զրուցում եմ պատից կախված տղայիս, կնոջս նկարների հետ ու լաց լինում: Գուցե ճիշտ չէ, որ տղամարդը լացում է, բայց ես էլ այդպիսին եմ: Իմ լացն ինչո՞ւ ուրիշը լսի»,- ասում է 79-ամյա Վալիկո Զոհրաբյանը, որի հոգին արդեն 22 տարի է՝ լուռ մխում է Արման որդու կորուստը: