Հովհաննես Համբարձումի Բադալյան (1924, դեկտեմբերի 15 – 2001, օգոստոսի 19), հայ երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ 1946-1949 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան: 1949-1954 թթ.՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թթ.՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Վախճանվել է Երևանում:
Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով: