ՎԵՐՔԵՐՈՎ ԼԻ
ՎԵՐՔԵՐՈՎ ԼԻ
(ՊԵՏՐՈՍ ՍԵՐՃԵՄԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ)
Հեղինակ` Աշուղ Ֆահրատ
Վերքերով լի ջանֆիդա եմ,
Թափառական տուն չունեմ,
Յարիս փոխան զենքս եմ գրկել,
Մի տեղ հանգիստ քուն չունեմ:
Արնոտ երկրի սուգ ու շիվան,
Ինձ դուրս կանչեց փակ կյանքից,
Տանջված հայրենիքի սերը,
Չվախեցուց վտանգից:
Սասնոյ լեռներ Գողգոթա են,
Շատ բարձր են, խիստ դժվար,
Կյանքի խաչը ես շալակած,
Այնտեղ տարի շատ հոժար:
Ես կոչվեցա Ջանֆեդայի,
Դարձա զինվոր գաղափարի,
Թող իմ թափած արյան շիթեր
Օրինակ դառնան հայ զինվորի:
Ես խաչվեցա ջանֆիդայի,
Սկզբունքը սուրբ մնա,
Թող իմ արյան կաթիլներով,
Հայ զինվորը զորանա:
Մակեդոնական միություն,
Իմ խաչովս կնքվեց,
Եղբայրական սիրո զենքով
Գազան սուլթանն խորտակվեց:
Կախաղանից երբ որ քամին,
Ինձ տարուբերե ճոճալեն,
Հիշեք Պետրոս Սերեմճյանին,
Թուրքեն վրեժ գոռալեն:
Ահա հանգիստ հող կմտնեմ,
Հույսս դուք եք ընկերներ,
Շարունակեք մեր սուրբ գործը,
Դաշնակցության վեհ քաջեր:
Աբո Սահակյան – Վերքերով լի
Արա Կիրակոսյան – Վերքերով լի
Արա Սահակյան – Վերքերով լի
Գառնիկ Սարգսյան – Վերքերով լի
Ջորջ Թութունջյան – Վերքերով լի
Անհայտ կատարող – Վերքերով լի
ժոզեֆ Կիրակոսյան – Վերքերով լի
Լիսբոն 5 – Վերքերով լի
Մխիթար Քեթչյան – Վերքերով լի
Սահակ Սահակյան – Վերքերով լի
ՊԵՏՐՈՍ ՍԵՐՃԵՄԵԱՆ
Բնիկ Էտիրնեցի, հետո Ֆիլիպում հաստատված, բարեկեցիկ ընտանիքի զավակ: Ազգային վարժարանը ավարտելուց հետո, սկսում է հաճախել բուլղարիայի երկրորդական վարժարանը, ավելի հետո ավարտում է պահեստային սպաների դպրոցը:
Մանուկ հասակէն աշխոյժ եւ յանդուգն էր: Պուլկար յեղափոխական գրականութիւնը իր վրայ խոր ազդեցութիւն ձգած էր. կը ցաւէր, որ իր հայրենիքը դեռ Սուլթանի տիրապետութեան տակ գերի էր: Առանց իր ծնողքին լուր տալու, 1894ի վերջերը կ՛երթայ Կովկաս: Յուզիչ է Թիֆլիսէն իր ծնողքին գրած նամակը. ներողութիւն կը խնդրէ իր ծնողքին պատճառած վիշտին համար. ամօթ կը համարէր հոն մնալ եւ անհոգաբար հրճուիլ ու կ՛աւելցնէ. «Երբ արիւնները դեռ թարմ եղող զոհերու յիշատակը եւ իրենց աղաչանքներով լեռները դղրդացնող որբերուն եւ աղջիկներուն սրտակեղեք ձայները հոգւոյս մէջ հրդեհ մը կ՛արծարծէին»:
Պետօ Պարսկաստանի ճամբով կը հասնի Վան, կը մասնակցի 1896ի Այգեստանի եւ Հայոց Ձորի կռիւներուն եւ Խանասորի արշաւանքին: Այլեւս քաջ ֆետայիի մը համբաւ ունէր: «Դրօշակ»ի 1902 տարուան Սեպտեմբերի թիւին մէջ նկարագրուած են անոր յանդուգն կռիւները:
Կովկաս վերադարձին՝ բանտակուեցաւ Մետեխի մէջ, ուրկէ ազատուելէ ետք վերադարձաւ Ֆիլիպէ: Իր ծնողքը ու գաղափարակիցները հպարտութեամբ շրջապատեցին հերոսը: Պետօ շարունակեց գործունէութիւնը, նոյն ատեն գեղեցիկ թարգմանութիւններ ըրաւ պուլկար յեղափոխական կռիւներէն, որոնք իբր թերթօն հրատարակուեցան «Շարժում»ի մէջ:
Ռոստոն 1899ի կէսրերուն կը հաստատուի Ֆիլիպէ: Պետօ մակեդոնացի յեղափոխականներու հետ կը սկսի հայդուկային կռիւներ՝ թուրքերուն դէմ: 1900ին՝ տասը հոգինոց խումով մը կ՛որոշէ յարձակիլ Էտիրնէ, պէյի մը ագարակին վրայ: Հոն հիւր պիտի գար վալին, զոր գերի վերցնելով, Պետօն կ՛ուզէր ազատ արձակել տալ բանտին մէջ գտնուած հայ պուլկար յեղափոխականները: Ընդհարումը տեղի կունենայ, վալին արդէն մեկնած էր բայց գերի կ՛առնեն պէյին տղան: Ապա յարձակման կ՛ենթարկուին զինուորական մեծ ոյժի մը կողմէ, ֆետայիներէն կը սպանուին վեցը ու գերի կ՛իյնան չորս հոգի, որոնց մէջ էր Պետօն:
1901 Դեկտեմբերին Էտրնէի չորս տարբեր կէտերու վրայ կախաղան կը հանուին Պետօն եւ իր ընկերները, որոնք արիաբար կը դիմագրաւեն մահը: Պետօ դահլիճներու երեսին կը գոռայ. «Այո, ես յեղափոխական մըն եմ եւ մի՛ մոռնաք, անմիտներ, որ ես կը ներկայանամ կախաղանին առջեւ իբրեւ գաղափարի ներկայացուցիչ: Ի՞նչ, գաղափա՞րն ալ կ՛ուզէք կախաղան հանել: Դուք զիս կախեցէք բայց ի՞նչ պիտի ընէք այն հարիւրները, որ պիտի ծնանին այս կախաղանները, ի՛նչ պիտի ընէք երբ հնչէ ընդհանուր ապստամբութեան ժամը:Կախեցէ՛ք, միայն իմացէք որ ամէն կախաղան խոր փոս մը կը փորէ ձեր Սուլթանին գահին տակ»: Գազանները զայրանալով յարձակեցան Պետոյի վրայ, բայց ան ետ մղեց դահիճը ու ինք իր վիզն անցուց չուանը ու հրեց աթոռը…:
Պուլկարիոյ հայ երիտասարդութիւնը հասակ նետեց Պետոյի գաղափարներով, Ֆիլիպէի դաշնակցական ընկերները անոր անունով հիմնեցին «Պետօ Սերեմճեան» ակումբը, որ տասնեակ տարիներ պատրաստեց հայրենակարօտ եւ անձնուէր սերունդ մը:
***
«Պուլակարացի Պետօ:
Այս անունը միայն մի ամբողջ պատմութիւն է:
… Թող լեզու ելնեն ու պատմեն Վանայ լեռները, Վասպուրականի ժայռերը, թուփերն ու բլուրները:
Թող նրա գնդակի զօրութեան մասին խօսեն քիւրտ աւազակները եւ կեղեքուած ու ստրկացած հայ գեղջկի հիւսած երգերը:
Պարսկաստան, Կովկաս, Վասպուրական, ո՞վ չէր ճանաչում նրան, այն մշտաժպիտ, այն զոհուելու պատրաստ գործիչին:
Եւ ազատութեան մեծ Բողոքը նրան է՛լ կերաւ:
Զոհե՞ր. զոհե՞ր, շարքերով, լեգէոններով:
Ու ազատութեան մարտիկների այդ լուսաճաճանչ լեգէոնների մէջ պուլկարացի Պետօն առաջնակարգ տեղերից մէկումն է կանգնած»:
Արծվյան