ՑՐՈՆՔԻ ԿՌԻՎԸ
ԳՈՒՐԳԵՆԻ ԵՐԳԸ/ ՑՐՈՆՔԻ ԿՌԻՎԸ
Սասնո գավառում զինյալ յոթ քաջեր,
Ուրանց խմբապետ Գուրգեն եւ Ռուբեն,
Սասուն ելնելով, զենքեր վերցնելով,
Մինջև ապրիլը լեռներ ման գալով:
Օրն էր Հինգշաբթի Ցրոնք գյուղ հասան,
Տղայոց խումբը մարգի մեջ մտավ,
Այդ գեղի քյոխվեն, վատ մըն էր դաժան,
Յուր երկու որդին վալուն լուր տարան:
Հլու հրամանով հավաքվավ զորքը,
Թալիբ էֆենդին առաջնորդ ընկավ,
Օրը Ուրբաթ Ցրոնք գյուղը հասան.
Տղայոց խումբը մարգի մէջ մտավ:
Թալիբ էֆենդին ըսավ ահիզուն,
Ռուբեն լը կանչեց.– «Գուրգեն զա՛րկ էդ շուն».
Հրացան բացվեցավ, կռնակին դիպավ,
Ու չար թշնամին գետին փռվեցավ:
Էդ որ լսեցին, խոտ ու գազ բերին,
Մարագի չորս կողմ կրակ վառեցին:
Ո՛վ հայեր, հայեր, հասե՛ք օգնության,
Գուրգեն կզոհվի ի սեր ազգության:
Խմբապետ Գուրգեն առյուծի նման
Երկու ընկերով մարգից դուրս ելան,
Գնդակ պարպելով դեպի սար գացին,
Թշնամու զորքը ընկավ ետևից…:
Ակունք – Ցրոնքի կռիվ
Գրիգոր Համբարյան – Ցրոնքի կռիվ, Դրո
Երգը հայտնի է տարբեր անվանումներով` «Ցրոնքի կռիվը», «Գուրգենի և Ռուբենի երգը», «Գուրգենի երգը», «Սասնո գավառում»:
1898թ ապրիլի վերջերին Գուրգենը (Պաղտասար Մալեան), 8 հոգանոց փոքրիկ խումբով շրջում էր Մշոյ դաշտում՝ կազմակերպչական և մարտական աշխատանքները հսկելու համար, որից հետո անցնում է Ցրոնք գյուղը: Լրտեսներից մեկը այդ մասին հեռագրում է Բիթլիսի կուսակալին։ Վերջինս Ալայ բեյին և մշեցի Տալիպ էֆենդուն 1000-ի չափ զինվորներով և ժանդարմների խմբով ուղարկում է Ցրոնք։ Ձգտելով կռվից խուսափել, Գուրգենը ութ ընկերներով թաքնվում է մի մարագի մեջ։ Ալայը, Տալիպը և ժանդարմների հրամանատար Իզզեթը ահագին ժամանակ փնտրելուց հետո իմանում են հայդուկների տեղը և վրա հասած շատ քարդ հրոսակների հետ պաշարում են մարագը։ Այդ պահին Գուրգենը «վերջին խրախույս մը տալով, կառաջարկե, որ երգ սկսին։ Գնդակներուն սուլոցին կը միանա ֆեդայական ոազմերգը.Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
Ահա քյուրդերը փախչին սարսափած…»։Տալիպ էֆենդին բարձրանում է մարագի դիմացի տան տանիքը և խրախուսում է զորքին։ Հայդուկներից մշեցի Տիգրանը, որը «Տալիպ էֆենտիի դրացի ըլլալուն՝ զայն ձայնեն կը ճանչնա, վար կը գլորե՝ անկենդան»:Հայդուկները որոշում են հերոսաբար դիմադրել մինչև երեկո, հույս ունենալով, որ թշնամին կհեռանա կամ իրենք մթից օգտվելով դուրս կգան գյուղից։ Սակայն թուրք և քուրդ խուժանը տեսնելով, որ անհնարին է ընկճել հայ քաջերի դիմադրությունը, քարյուղ բերել տալով հրդեհում է մարագը։ Գուրգենը դիմում է վերջին փորձված միջոցին։ Նա հրահանգ է տալիս ընդհանուր կրակ տեղալով դուրս թռչել մարագից։ Երկու անգամ՝ Կեմի և Քոփի կռիվների ժամանակ մարագում պաշարվել էր Գուրգենը և երկու անգամ էլ հերոսաբար դուրս էր թռել այնտեղից՝ փրկելով ընկերների կյանքն ու թշնամուն սարսափ հարուցելով։ Բայց այս անգամ ճակատագիրը եղերական վախճան էր նախատեսել նրա համար։ Մարագից դուրս գալու փորձի ժամանակ հենց դռան սեմին նահատակվում է Փարսադանը, իսկ «մյուսները կը հաջողին, մինչե դառը կելլան կռվելու համար։ Բայց ինչ ընե ութը` ութ հարյուրի դեմ, երբ չկա պատնեշ մը, երբ չկա դիրք մը, մինչդեռ թշնամին պատնեշներու ետևեն պատրաստ կը սպասե՝ մարագի դուռը նշան առնելու։ Հարյուրավոր գնդակներ միաթափ կը տեղան և հոն իրարու ետևեն կիյնան Ռուբեն, Տիգրան, Նշան, Վարդան, Կրպո»։Հերոսական և սարսռեցնող է լինում Գուրգենի վախճանը։ Նա «առյուծի նման դուրս ցատկելով և թշճամի զորքին ահ ու սարսափ ազդելով, երկու տասնոց ատրճանակով կը հաջողի «պատռել թշնամի շղթան և դեպի դաշտ հառաջանալ, սակայն՝ ցերեկ ըլլալուն, հեծյալ զորքեր ետևեն կը հասնին՝ գնդակներ տեղացնելով։ Քաջառյած հերոսը քարի մը կողքին վիրավոր վիճակի մեջ կը շարունակն կրակել մինչև վերջին վայրկյանը, ապա իր ատրճանակն ու մոսինին քարին զարնելով կը ջախջախե և ինքն ալ կը նահատակվի»։
Հայդուկներից միայն մեկին՝ բալանախցի Մկրոյին է հաջողվում ճեղքել թշնամու շղթան և կռվելով հասնել մինչև Մեղրագետի եզերքը, ուր պաշարման է ենթարկվում թուրք և քուրդ ամբոխի կողմից։ Քաջաբար կռվելով, Մկրոն «… վիրավոր գետին կիյնա։ Երբ կը մոտենան իրեն՝ ծունկի կուգա ու ցոլացնելով սուրը որոտաձայն կը պոռա. «Եկեք, ձեր պատիժը այս ձեռքերեն պիտի առնեք»։ Վատերը սիրտ չեն ըներ հարկավ և հեռվեն հրացանով կը սպանեն քաջը»։
1899 թ. սպրիլի 24-ին տեղի ունեցած այս առասպելական կռվի ժամանակ այսպիսով նահատակվում են Գուրգենի խմբի բոլոր յոթ անդամները։ Թշնամու զոհերն ավելի շատ էին՝ զինվորներից և ոստիկաններից՝ 18 հոգի, քրդերից՝ 10 հոգի։ Միայն Ալայ բեյի զորամասը տալիս է 10-ից ավելի վիրավոր»։
Կռվում նահատակված հայ քաջերի դիակները տարվում են Մուշ և ժողովրդին ի ցույց դնելուց հետո թաղվում են ս. Մարինե թաղի գերեզմանոցում։ Գուրգենի մահով Տարոնի ժողովուրդը զրկվեց հազվագյուտ գաղափարախոսից ու նվիրյալից, իսկ Բիթլիսը՝ իր դերի բացառիկ ըմբռնողից։ Նաև հաստատվեց նրա այն տեսակետի ճշտությունը, թե «հեղափոխական գործիչները կարճատև կյանք ունին և գործիչի մահով գործը կրնա տուժե»։ Իրոք, նրա մահով գործը տուժեց, բայց նա իր կարճատև կյանքում կարողացավ անել այնքան բան, որ թվում է, թե մեկ անհատի ուժերից վեր էր։